Աղվան Վարդանյանը գտնում է, որ Տարոն Մարգարյանի քարոզչապաստառում դեղինը շատ է
Այսօր «Սլաք» ակումբում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ իշխանությունը փորձում է այս նախընտրական շրջանում կռվեցնել ընդդիմադիր տարբեր ուժերին. «Փորձում է միմյանց դեմ լարի, որ խոսեն իրար դեմ: Բայց ընդդիմությունը պետք է այնքան խելք ունենա, որ հասկանա՝ այսօրվա կարեւորագույն խնդիրը Երեւանում միակուսակցական համակարգի կոտրումն է»:
Պարոն Վարդանյանը վստահեցրեց, որ այս անգամ բուն տեղամասերում դժվար որեւէ լուրջ խախտում արվի, քանի որ ընդդիմությունը բոլոր հանձնաժողովներում առնվազն 4 հոգով մասնակցում է: Բայց մտավախություն ունենալով, որ իշխանությունները իրենց կվերագրեն ընտրությանը չմասնակցած ընտրողների ձայները, կոչ արեց մարդկանց գոնե 5 րոպե ժամանակ գտնեն եւ մտնեն տեղամաս, թեկուզ ոչ մեկի օգտին չքվեարկեն, բայց թույլ չտան, որ իրենց ձայնն օգտագործեն:
Հարցին՝ ՀՀԿ-ն իր հույսը դրել է Տարոն Մարգարյանի վարկանիշի վրա, արդյո՞ք Տարոն Մարգարյանը այդքան մեծ վարկանիշ ունի՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ. «Երբ որ հայտարարում են, որ 20 տարիների մեջ ամենալավ քաղաքապետն է Տարոն Մարգարյանը, մարդու ծիծաղը կարող է գալ: Համեմատեք Տարոն Մարգարյանի կենսագրությունը Արմեն Ռուստամյանի կենսագրության հետ: Երեւանի քաղաքապետը չի կարող քաղաքական մարդ չլիներ: Անում են իրենց գործերի 10 տոկոսը եւ դա ներկայացնում են իբրեւ նվեր, իբրեւ մեծագործություն: Դա ձեր պարտականությունն է եւ պարտավոր եք անել»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ոմանք Տարոն Մարգարյանի քարոզչական ցուցապաստառներն ասոցացնում են ձեթի գովազդի հետ, ոմանք՝ odnoklassniki.ru կայքի հետ, Ձեր մոտ նման ասոցիացիաներ առաջանո՞ւմ են՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Դեղինը շատ է: Կարծեմ ինչ-որ մեկն էլ գրել է, որ Օջալանի դեղին քրդական եւ այլն…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
նստարաններով ուրախացանք, հիմա գրում են 180 դոլար արժե, բայց 400 դոլարով է գնվել, կամ շների համար կես միլիոն գումար է տրամադրվել…