Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Թոքմաջյանը Երեւանում «հեղափոխություն» է ակնկալում

Ապրիլ 16,2013 13:01

ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարը`մայրաքաղաքի խնդիրների մասին

Այսօր «Հայելի» ակումբում Փակ շուկայի խնդրին անդրադառնալով՝ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը նկատեց, որ սա միակ դեպքը չէ: Հիշեց Երիտասարդական պալատը, որն, ըստ նրա, անհասկանալի պատճառներով ապամոնտաժվեց ու հիմա անհասկանալի նպատակներով է այդ տարածքն օգտագործվում, «Սեւան» հյուրանոցը եւ այլն: Այս խնդիրների համատեքստում, Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորը գտնում է, որ պետք է ստեղծել մի մշակույթ, որպեսզի Երեւանի համար կարեւոր կառույցների ճակատագրի առումով լուրջ քննարկումներ լինեն, հաշվի առնվի նաեւ հասարակության կարծիքը:

Նա կարեւորում է փոքր կենտրոնի մասին օրենքը, որ սահմանափակումներ է դնելու հետագա կառուցապատումների հարցում: Թոքմաջյանը վստահ է, որ օրենքի ընդունման դեպքում մայրաքաղաքի վիճակը բավականին կլավանա: Այս համատեքստում, նա պատահական չի համարում, որ ՀՀԿ-ի ցուցակում բավականին շատ են անկուսակցականները. «Մենք բոլորս պետք է մտածենք, թե ինչպիսի թիմ պետք է ունենա Երեւանի ավագանին, որպեսզի կարողանա ճիշտ կառավարել քաղաքը»:

Ատոմակայան ունեցող երկրի համար նա ստրատեգիական է համարում նաեւ կանաչապատման հարցը: Դրան նայում է իբրեւ ոչ թե մի քանի հազար ծառ տնկելու անհրաժեշտություն, այլ հարյուրավոր հեկտարներ ներառող անտառների ստեղծում: Հիշեցնելով դեռ խորհրդային տարիներին եղած Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը`նկատում է, որ այն ժամանակ մարդիկ ու պետությունը փրկվեցին կանաչ տարածքների շնորհիվ: «Խնդիրը դրված է եւ հիմա արդեն ուսումնասիրություններ են կատարվում»,- նկատեց Թոքմաջյանը`վստահեցնելով, որ տարածքներ հաստատ կգտնվեն:

Ավագանու անդամի թեկնածուն կարեւորեց ոռոգման ցանցերի նախագծումն ու իրականացումը, մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի վերանայում-վերլուծումը. «Դա կարեւոր, բայց ծախսատար հարց է: Մետրոպոլիտենի խնդիրը պետք է առաջնային համարվի, Քննարկման կներկայացնենք ստորերկրյա արագընթաց տրամվայի ներդրման հարցը: Մեր ինժիներներն արդեն մասնագիտական քննարկումներ են կատարում»: Էլեկտրատրանսպորտի գոյությունը բանախոսը նաեւ էկոլոգիական խնդիր է համարում: Դրական է գնահատում միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով:

Լրագրողները համառորեն փորձում էին բանախոսից կորզել գնահատականներ, որոնք վերաբերվում են ՀՀԿ-ի եւ նրա ավագանու վատ ու անտարբեր աշխատանքին, ինչի արդյունքում էլ ավելի խորացել են երեւանցիների եւ հանրապետական խնդիրները: Նա հրաժարվեց քաղաքական գնահատականներ տալուց`ասելով, թե կոռեկտ չի համարում, որ լինելով անկուսակցական՝ քննարկի որեւէ կուսակցության գործունեությունը: Ասաց, որ տեւական ժամանակ զբաղվելով քաղաքականությամբ, լավատեղյակ է, թե ինչի համար են լավի եւ վատի բոլոր խոսակցությունները. «Ուղղակի քաղաքական գնահատականների տեղը չի տալու: Մենք այդ մասին կխոսենք արդեն 2017 թվականին, եթե ինքս մասնակցեմ քաղաքական գործընթացներին: Այսօր ինձ հետաքրքրում է այն, թե ինչպես անել, որ Երեւանն ավելի լավ կառավարվի, լինի առողջ, ունենա շրջանցիկ ճանապարհներ եւ անկախ շրջաններից, բնակիչների համար հարմարավետ լինի: Յուրաքանչյուր գործընթացում էլ պատասխանատվություն ունեն այն կուսակցությունները, որոնք եղել են իշխանության: ՀՀԿ-ն միշտ չի եղել իշխանության: Եղել են այլ կուսակցություններ, որոնք ունեցել են իրենց սխալները, որոնք էլ դրել են այն հիմքերը, որ այսօր կան»:

Վերլուծելով քարոզարշավի անցած շրջանն էլ ասաց, որ իր գնահատականները սուբյեկտիվ կլինեն, քանի որ ինքն անմիջական մասնակիցն է գործընթացի: Բայց նկատեց. «Կարծում եմ, որ ժողովրդի մեջ վստահություն եւ հավատ կա Տարոն Մարգարյանի անձի նկատմամբ, որպես քաղաքապետի, որը երկու տարի պաշտոնավարում է»: Նրա գնահատմամբ ժողովրդին դուր են գալիս կառուցված բակերն ու խաղահրապարակները, բայց լուրջ խնդիրներ կան վերելակների շահագործման, տանիքների, սեփականաշնորհման վկայականների եւ այլնի հետ կապված: Ասաց, որ այդ բոլոր հարցերը քննարկվելու են եւ դա ընդամենը ժամանակի խնդիր է, պարզապես պետք է գնահատվի ռեսուրսը եւ սահմանվեն առաջնահերթություններ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930