Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով քննեց ԱԺ կանոնակարգի 44 հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Դիմումատուներն Ազգային ժողովի 34 պատգամավորներ էին, որոնք լիազորել էին ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանին ներկայացնելու հարցը Սահմանադրական դատարանում:
Սահմանադրական դատարանը իրավազոր էր եւ 9 դատավորներից բացակայում էր միայն ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը: Զեկուցողն էր ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը: 44 հոդվածի 4-րդ մասը վերաբերում էր արտահերթ նիստ հրավիրելուն եւ, ըստ այսօր վիճարկվող հոդվածի՝ «նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»:
Դիմումատուների ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 21 փորձել են Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել, սակայն այն չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Գ. Ջհանգիրյանն ասաց, որ դրանով իսկ պատգամավորների սահմանադրական լիազորությունը՝ արտահերթ նիստ հրավիրելու համար, չի իրագործվել, այսինքն՝ պատգամավորական փոքրամասնությունը չի օգտվել իր լիազորություններից: Ըստ պատգամավոր-դիմումատուի՝ Ազգային ժողովի մեծամասնությունը ունի բոլոր հնարավորությունները՝ ձեւավորելու քառօրյա նիստերի նախընտրելի օրակարգ, մեծամասնական հանձնաժողովների միջոցով առանց քվեարկության հարցը մտցնել օրակարգ:
Գագիկ Ջհանգիրյանը հղում արեց Սահմանադրության 70 հոդվածին, ասելով, որ փոքրամասնության իրավունքը ինտերակտիվ պահանջ է եւ 1/3-ի նախաձեռնությամբ հրավիրված նիստերն իրավազոր պիտի համարվեն: Ըստ Գ. Ջհանգիրյանի, ԱԺ կանոնակարգը նախատեսում է քննարկում: Պատասխանելով ՍԴ անդամների հարցերին, Գ. Ջհանգիրյանը նաեւ նկատեց, որ փոքրամասնություն կարող է լինել մեծամասնության ներսում եւ որ փոքրամասնությունն իրավունք ունի ոչ միայն նիստ հրավիրելու, այլեւ հարցեր հնչեցնելու:
Կարդացեք նաև
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը ակնարկեց Սահմանադրության 67 հոդվածը՝ անհարգելի բացակայության հիմքերը: Դիմումատուների ներկայացուցիչ Գ. Ջհանգիրյանը հայտնեց, որ շատ քչերն են իրենց աշխատասենյակներում աշխատում եւ որ պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնք ֆորմալ են վերաբերվում իրենց աշխատանքին:
Ազգային ժողովի մեծամասնության ներկայացուցիչն էր ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նա չկիսեց դիմողների կարծիքը, ուշադրություն հրավիրեց «ԱԺ նիստ հրավիրել» բառակապակցությանը: Նա ասաց, որ ԱԺ նիստ կարող են նախաձեռնել կամ գումարել հանրապետության նախագահը, կառավարությունը եւ Ազգային ժողովը:
Ըստ պատասխանող ներկայացուցչի, առանց քվորումի ԱԺ նիստ հրավիրելը քննարկումներ կազմակերպելու համար, կհանգեցնի նրան, որ ԱԺ-ն կդառնա քննարկումների մի վայր, որը նախատեսված չէ ԱԺ օրենքով:
Նա նաեւ նկատեց, որ ընդդիմությունը հնարավոր դեպքերում շրջանցել է խորհրդարանական մեծամասնությանը եւ հարցեր մտցրել օրակարգ:
Դավիթ Հարությունյանը նաեւ նկատեց, որ խորհրդարանում իրավասություն ունի 2/3-ը եւ իրավազորություն չունի 1/3-ը:
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի կողմից հնչեցված հացին, թե ինչպես է կարգավորվում, երբ պատգամավորները երկար ժամանակով (չբացառելով անգամ 1-2 տարի) բացակայում են նիստերից: Նա անգամ օրինակ բերեց Սահմանադրական դատարանի մասին օրենքից, երբ 6 ամիս հիվանդության պատճառով նույնիսկ բացակայող դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել: Դ. Հարությունյանը պատասխանեց, որ խնդրի մասին պետք է մտածել սահմանադրական բարեփոխումների տիրույթում:
Ի դեպ, Սահմանադրական դատարանի անդամների կողմից մեջբերվող օրինակները հաճախ վերաբերում էին իրենց՝ նիստի իրավազորությանը, դատավորների լիազորություններին, քվորումի ապահովմանը, ինչի կապակցությամբ Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ ՍԴ-ն կամ մերժում է, կամ բավարարում է, Ազգային ժողովը կարող է նաեւ քննարկում իրականացնել: Սահմանադրական դատարանն անցել է խորհրդակցական սենյակ:
Գագիկ Ջհանգիրյանը պահանջել է ԱԺ կանոնակարգի 44 հոդվածի 4-րդ մասը համարել սահմանադրությանը հակասող, իսկ Դավիթ Հարությունյանը պնդեց հակառակը: Քիչ հետո կպարզվի, թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից ով է ճիշտ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ