Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած այցի մասին՝ ասաց, որ այդ հանդիպման մասին ավելի մանրամասն կասի Րաֆի Հովհաննիսյանը: Այս մոտեցումը, ըստ նրա ժողովրդավարությանը չի հակասում, ուղղակի կան բաներ, որոնք ավելի լավ է առաջնորդն ինքն անի, երբ կորոշի: Մեր հարցին՝ ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքին ասաց, որ Պուտինից գնում է ժողովրդի հաղթանակը բերելու, բայց օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ չի հանդիպել Վլադիմիր Պուտինին: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Հայաստաննն ինքնիշխան պետություն է, եւ հայ ժողովուրդը պետք է իր ճակատագիրը որոշի: Սա մեր մշտական, ավանդական ցավն է, որ նույնիսկ մեր ռազմավարական դաշնակիցը միշտ ընտրում է իշխանությանը: Նա ասել է նաեւ նույնը Օբամայի մասին: Իր ասածը չի նշանակել, որ գնում եմ Պուտինից հաղթանակ բերեմ կամ Օբամայից հաղթանակ բերեմ: Հաղթանակ բերեմ նշանակում է, որ նրանք չմիջամտեն մեր գործերին եւ կեղծված նախագահին չշնորհավորեն: Ես այդպես եմ հասկացել»:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ՝ երեկ Ներսես Նազարյանը պաշտոնանկ էր արվել, Դուք որեւէ կապ տեսնո՞ւմ եք այդ պաշտոնանկության եւ ապրիլի 9-ի միջեւ: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Եկեք մեր կարգախոսով առաջնորդվեմ եւ ասեմ՝ հնարավոր է: Բայց կատեգորիկ չեմ ասում, որովհետեւ այդ խոհանոցին չեմ տիրապետում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ