Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ սկսել, եթե կարելի էր «վերջացնել Երեւանով»

Ապրիլ 16,2013 11:43

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը քաղաքական բաղադրիչը տեսնում են հետեւյալում. ռեժիմից «պոկել» Երեւանը եւ սկիզբ դնել ռեժիմի կազմաքանդման գործընթացին:
Բայց այստեղ հարց է ծագում, որը խոսում է Երեւանի քաղաքապետության ձգտող ուժերի իրական նպատակների մասին. եթե ընտրապայքարի նպատակը միայն Երեւանը «պոկելն» է, ուրեմն քաղաքի զարգացման, երեւանցիների սոցիալական բնույթի կարիքները հոգալու մասին խոստումներն ու խոսակցությունները դառնում են ընդամենը երեսպաշտություն, որով փորձ է արվում քողարկել Երեւանը սեփական կուսակցության ենթակայության տակ դնելու ձգտումը:
Սա սկզբունքային հարց է, որն «ամրագրված» է, օրինակ, ԲՀԿ-ի կարգախոսում` «Սկսենք Երեւանից»։
Ընդհանրապես հետաքրքիր է ԲՀԿ-ի աշխուժությունը ընտրություններին ընդառաջ: Այս կուսակցությանը քարկոծելու նպատակ ամենեւին չունենք: Յուրաքանչյուր քաղաքական ուժ էլ սահմանադրորեն կարող է մասնակցել ավագանու ընտրություններին: Ինչպես կասեր Ր.Հովհաննիսյանը, իր իրավունքի մեջ լինել:
Բայց ԲՀԿ-ն առանձնանում է նրանով, որ որպես ասպարեզում եղած հիմնական քաղաքական ուժերից մեկը, նախագահի ընտրություններում իրեն դուրս դրեց քաղաքականությունից` ստանձնելով դիտորդի կարգավիճակ: Եվ ընտրություններից հետո էլ կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը ընդամենը չեզոք դիտորդի դիրքորոշում էր հիշեցնում։
Եթե նախագահական ընտրություններում, որոնցից ինքնամեկուսացավ ԲՀԿ-ն, կարելի էր «վերջացնել Երեւանով», ապա ավագանու ընտրություններով այս կուսակցությունը որոշել է «սկսել Երեւանից»: Մեր խորին համոզմամբ, աշխուժության գաղտնիքը Երեւանի վարչատնտեսական գայթակղիչ ռեսուրսներն են, որոնք կուսակցական «քաղաքական ռազմավարության մեջ» չեն կարող շոշափելիորեն չհետաքրքրել ԲՀԿ-ական մեծահարուստներին:
Քարոզարշավից այն տպավորությունն է ստեղծվում, որ ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում կուսակցության քաղխորհուրդը «լիարժեք» հավաքվելու է եւ որոշելու է, որ քաղաքապետ է լինելու ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Ընտրություններին մասնակցող ոչ մի կուսակցության ցուցակի երկրորդ համարը քարոզարշավի ընթացքում այնպիսի ջերմեռանդություն չի ցուցաբերում, ինչպիսին սույն պատգամավորը:
Ավելին, հանդիպումներ են եղել, որոնց Վարդան Օսկանյանը չի էլ մասնակցել: Վերջինս բակային հանդիպումներից ազատ ժամանակ երբեմն զբաղվում է Երեւանի զարգացման իր պատկերացումները ֆեյսբուքում շարադրելով: Վերջին գրառման մեջ մի նորույթ է ավելացրել Վ.Օսկանյանը. «Երեւանի հավասար եւ ամբողջական զարգացումն իսկապես այսօր քաղաքի առաջնային խնդիրներից մեկն է, եւ դրա իրականացման քաղաքականությունը ոչ թե պետք է լինի այն, ինչ առայսօր եղել է` Կենտրոնից դեպի ծայրամասեր, այլ արդեն ճիշտ հակառակը` ծայրամասերից դեպի Կենտրոն: Կարծում եմ` արժե լրջորեն մտածել, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենա իրեն համազոր փոքր կենտրոնը, իր «Աբովյան ու Թումանյան փողոցները»:
Անշուշտ, ճիշտ է, որ քաղաքը պիտի զարգանա համամասնորեն եւ հավասարաչափ, որ միայն Կենտրոնը «զարդարելով» հարցեր չեն լուծվի, բայց հետաքրքիր է` Վ.Օսկանյանը արտգործնախարար եղած ժամանակ նույնիսկ զարգացած երկրներում տեսե՞լ է մի քաղաք, որի զարգացման առաջնային խնդիրների լուծումն սկսվել է ծայրամասերից: Եվ որո՞նք են Երեւանի ծայրամասերը, ըստ Վ.Օսկանյանի:
Ասենք, ի՞նչ կարելի է անել Սիլիկյան թաղամասում, որ փոխվեն ժողովրդի ակնկալիքները: Յուրօրինակ մոտեցում է, իհարկե, բայց, քաղաքաշինության մասնագետ չլինելով, չենք պատկերացնում, թե ինչպես կարելի է Երեւանի տարածքի մեջ գտնվող գյուղերից զարգացման վեկտորն ուղղել դեպի Երեւանի կենտրոն: Երեւի ԲՀԿ-ում մի բան գիտեն:
Ինչ վերաբերում է «յուրաքանչյուր վարչական շրջանի փոքր կենտրոնին», ապա դրանք այսօր էլ կան, բայց մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված` դրանք որեւէ կապ չունեն քաղաքի զարգացման խնդիրների հետ: Դրանք շուկաներն են. Մալաթիա-Սեբաստիայում` տոնավաճառը, Էրեբունու շրջանում` կայարանամերձ շուկան, Կենտրոնում` «գումի» շուկան եւ «բոլտ ու գայկի» բազարը, Վերնիսաժը եւ այսպես շարունակ:
Այստեղ տեղին է հիշել ԲՀԿ ցուցակի երկրորդ տեղն զբաղեցնող պատգամավոր Գ.Արսենյանի մտահոգությունը քարոզարշավի կապակցությամբ: Նա ասել է, որ քարոզարշավի արդյունավետության չափորոշիչներից մեկը համարում է այն, որ մրցակիցները սկսում են սեւացնել ԲՀԿ-ի գործունեությունը. «Բովանդակային խոսակցությունները մի կողմ թողնել ու խոսել թանկարժեք ժամացույցի մասի՞ն, որը ես եմ հայտարարագրել, որը ես ունեմ, ու շատ լավ է, որ ես դա ունեմ եւ կցանկանամ, որ բոլոր երեւանցիներն էլ ունենան, այդ ամենի վկայությունն է»:
Մամուլում նշվել է, որ այդ «ոչ բովանդակային» ժամացույցն արժե 51 միլիոն 300 հազար դրամ:
Մենք էլ ցանկանանք, որ բոլոր երեւանցիները դրանից ունենան:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930