ԲՀԿ մամուլի խոսնակը չի մեկնաբանում Տեր-Պետրոսյանի հայտարարությունները
«Սրանից ուղիղ ութ տարի առաջ, համագումարի ամբիոնից ելույթ ունենալիս ասացի, որ Հայաստանում անհրաժեշտ է ցորենի ցանքսի, գիտության, կրթության, արդյունաբերության հեղափոխություն իրականացնել: Որեւէ կերպ համոզմունքս չի փոխվել այդ առումով»,- «Հայելի» ակումբում այսօր ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով Aravot.am-ի հարցին` ԲՀԿ-ն կիսո՞ւմ է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հետեւողականորեն տարվող թեզը, որ Հայաստանում անհրաժեշտ է բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել: Եվ, պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ-ն այդ հեղափոխությանը:
Ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ Ուրիխանյանի, երբեւէ այնպիսի անքակտելի, անանջատելի կապով կապված չի եղել որեւէ մեկի, որեւէ ուժի կամ քաղաքական կազմակերպության հետ, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ ինքնուրույն քաղաքական կուրս իրականացնելու համար. «Եվ դրա ականատեսն են արդեն բավականին ժամանակ`բոլորը: Ինչպիսինն էլ, որ լինում է ԲՀԿ-ի կողմից իրականացվող քաղաքական կուսը, այն չի քողարկվում որեւէ քաղաքական դիմակով, առանց ձեւականության եւ սեթեւեթանքի է այն լինում: Եվ մարդիկ գիտեն`ինչ սպասել ԲՀԿ-ից»:
Լրագրողներից մեկը նկատեց, որ նախագահական ընտրություններից առաջ հանրությունը սպասում էր, որ ԲՀԿ-ն կմասնակցի ընտրությունների, Ուրիխանյանը հավելեց. «Շատ լավ է, որ մի հստակ բանաձեւ բոլորի համար ուրվագծվեց եւ դարձավ ճշմարտություն: Այն, ինչ ԲՀԿ-ն ասում է, առաջնորդը ասում է`իրականացնում է: Անկախ սպասելիքներից մենք կատարելու ենք այն քայլերը, որը որ քաղաքական ուժը ենթադրում է: Ինչ որ հնչում է մեր շուրթերից`իրականություն է դառնում, ինչ-որ չի հնչում`մեզ մի հրամցրեք»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի մյուս հարցին`ինչպե՞ս են վերաբերվում Տեր-Պետրոսյանի`Խաչատուր Սուքիասյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ անցկացրած համեմատությանը, բանախոսն ասաց. «ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ազատ է տարբեր կարծիքներ հայտնելու, համեմատություններ անելու: Այլ բան է գնահատականը: Իսկ մեզ համար շատ կարեւոր է հայաստանցիների գնահատականը, մեր համերկրացիների գնահատականը, որը ընտրությունից ընտրություն տրվում է ԲՀԿ-ին»: Ուրիխանյանը չցանկացավ իր գնահատականները հնչեցնել այդ համեմատության առումով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ