Այսօր Երեւանում մեկնարկեց Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի (ԽՀԱԱԳ) բանակցությունների 5-րդ փուլը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշեց, որ համաձայնագրի բանակցային մի շարք գլուխներ արդեն իսկ համաձայնեցվել են եվրոպական գործընկերների հետ:
Խոսելով բանակցությունների 5-րդ փուլի քննարկվելիք հարցերի մասին՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ասաց. «Այս փուլի ընթացքում օրակարգում ունենք բանակցություններ ապրանքային առեւտրի մասով, այսինքն՝ մաքսատուրքերի եւ ապրանքացանկերի շուրջ քննարկումներ: Բանակցությունների սեղանին է գտնվում նաեւ առեւտրում տեխնիկական խնդիրների մասով որոշակի քննարկումներ, քննարկելու ենք նաեւ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում առկա որոշ հարցեր, ինչպես նաեւ բուժասանիտարիայի նորմերին վերաբերվող հարցեր»:
Գ. Մելքոնյանի խոսքով, հայկական կողմը գոհ է բանկացությունների ընթացքից եւ, ինչպես նա նշեց, բանակցություները ընթանում են բավականին նորմալ ու կառուցողական հունով:
Կարդացեք նաև
Եվրոպական պատվիրակության ղեկավար ԵՀ Առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն իր բացման խոսքում նշեց, որ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի դրույթները ծավալուն են ու տեղեկացրեց, որ արդեն երկու կողմերը ավարտել են համաձայնագրի 7 դրույթների քննարկումը, իսկ այս փուլի ընթացքում կքննարկեն եւս 6-ը:
Հիշեցնենք, որ Խորը եւ համապափակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի բանակցությունները կավարտվեն վաղը: Իսկ հաջորդ փուլը տեղի կունենա աշնանը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ