Հատված Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի հետ հարցազրույցից:
– Կարծես թե այս անգամ բոլոր թեկնածուների հնարավորությունները հավասարաչափ են բաշխված՝ գոնե արտաքուստ։ Ձեր հաղթանակի շանսերը ինչպե՞ս եք գնահատում։
– Հիմա այդ ամենն «օրինական» ձեւով է արվում։ Թեկուզ պաստառների հետ կապված՝ էլի հավասար պայմաններ չեն։ Մենք մասնակցել ենք մրցույթի ու վահանակների բավական տեղեր ենք շահել, ունենք թվով ամենաշատը՝ 59 տեղ։ Սակայն եթե հիմա Երեւանում շրջեք, կտեսնեք, որ իրենց տեղերն ավելի շատ են։ Շենքերի վրա փակցված են (պաստառներ–Ս.Գ.), որի իրավունքը մենք չունենք։ Երբ որ դիմում ենք, ասում ենք՝ այդ ինչպես է եղել, որ շենքերի վրա այդ ամեն ինչը կա, պարզվում է՝ հատուկ կարգ կա, եթե համատիրության, բնակչության համաձայնությունը կա, կարելի է։ Հիմա ես սա չեմ ասում իբրեւ բողոք։ Ուղղակի օրենքի պահանջների խստությունը մեզ վրա ազդում է, մենք ենթարկվում ենք, իրենք՝ ոչ։ Այս դեպքում մեր շանսը ժողովուրդն է. թե ինչքանով ժողովուրդը մեզ կլսի, կընկալի, մենք ուրիշ ակնկալիք չունենք։
– Այս անգամ ընդդիմադիր թեկնածուներն ավելի շատ են…
Կարդացեք նաև
– Դա օգտակար է այն առումով, որ հիմա քաղաքական ոչ իշխանական ուժերը հնարավորություն ունեն իրենց համակիրներին ուղղակի կոչով դիմել՝ ասելով, որ ունեք հնարավորություն՝ ՀՅԴ-ին ընտրեք, «Ժառանգությանը», Կոնգրեսին եւ այլն։ Հետո մենք կգնանք այնտեղ, կմիանանք ու կորոշենք՝ ով է քաղաքապետը։
– Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ ՀԱԿ առաջնորդը եւս իր թեկնածությունն առաջադրեց, սակայն հաղթեց Գագիկ Բեգլարյանը։ Եվ դա այն դեպքում, երբ այն ժամանակ Լեւոն Տեր–Պետրոսյանի հաղթանակի շանսերն անհամեմատ մեծ էին։ Այս անգամ ինչի՞ վրա է հիմնված Ձեր լավատեսությունը։
– Այն ժամանակ՝ 2008թ.-ից հետո… քաղբանտարկյալներ… Հիմա իրավիճակ է փոխվել, անցել է 4 տարի, մենք ունենք պառլամենտական ֆրակցիա եւ որոշեցինք այս կազմով մասնակցել։ Ամենայն հավանականությամբ, իմ ընկերներն իմ ընտրության վրա կանգ են առել՝ հաշվի առնելով իմ փորձն ու Երեւանում ճանաչվածությունը։ Ես էլի եմ ասում, եթե հավասար մրցակցային պայմաններ՝ նախընտրական եւ ընտրական պրոցեսի հավասարություն լինի, իշխանությունը ոչ մի տեղ հաղթելու շանս չունի։ Ժողովուրդն իշխանությունից հոգնել է։ Ուրիշ կոպիտ բառեր չեմ ցանկանում ասել։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»