Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկները

Ապրիլ 16,2013 11:00

Դուրս է գալիս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցների առաջ: Նրա դեպքում ոտքի կանգնելու և օվացիայի համար տարիքային սահմանափակում չկա` ահել ու ջահել կուսակցականները կատարում են կուսակցական ծեսը` ծափահարություններով հավաստելով անսահման նվիրվածություն: Ոչ ոք իրեն չի կարող թույլ տալ նստած մնալ կամ չծափահարել: Թեև դա անել ոչ ոք չի էլ ստիպում. կամավոր է:

Մյուս պապիկի դեպքում ամեն ինչ նույնն է: Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անունն արտաբերելուց արդեն ՀԱԿ համակիրները դժվարանում են թաքցնել էմոցիաները: Բավական է նա հայտնվի ամբիոնում, ինչպես եղավ ՀԱԿ կուսակցության համագումարին, դահլիճի արձագանքը հիշեցնում է «Բիթըլզի» երկրպագուների ապրումները: Ծափահարությունները լռում են միայն, որպեսզի առաջնորդն ասի հերթական միտքը, որպեսզի նորից սկսվեն ծափերը, «բրավո»-ները: Լռության կարճատև վայրկյաններ. առաջնորդը ջրի բաժակը մոտեցրել է շուրթերին: Օ՜, ջուր է խմումգ Օվացիա:

Ի՞նչ են ցանկանում այս պապիկները:

Օրինականություն: Դեռևս Սերժ Թանգյանին գրած պատասխան նամակում Սերժ Սարգսյանը գրել էր. «Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կգա նույն անօրինական ճանապարհով»: «Ազատվել ավազակապետությունից և Հայաստանում ստեղծել սահմանադրական կարգ. ուրիշ ոչինչ»:

«Բծախնդիր կերպով, քայլ առ քայլ իրականացնել ՀՀ սահմանադրության դրույթները»: Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այս խոսքերը` ապրիլի 13-ի ՀԱԿ կուսակցության համագումարին, որևէ մեկը վիճարկել չի կարող:

«Չկա ավելի թանկ բան, քան ժողովրդի վստահությունը»,- ասում էր մեկ այլ թոռնիկի պապիկ` Գագիկ Ծառուկյանը:
Նրանց երեքի ցանկությունն էլ` «միայն օրինական կարգով հաստատել օրինականություն», «իրականացնել սահմանադրության դրույթները», «գնահատել ժողովրդի վստահությունը, որից թանկ ոչինչ չկա», բառ առ բառ տեղի ունեցավ փետրվարի 18-ին: Ընտրվեց նախագահ, որր անունը Սերժ Սարգսյան չէր: Եվ ամենակարևոր ելակետը սա է:

Հաղթած թեկնածուի հանդեպ ունեցած անձնական համակրանքից ու հակակրանքից բարձր կա Սահմանադրություն: Սահմանադրությունը հարգելու միջոցով իշխանությունը ստանձնած նախագահն ինքն էլ ենթարկվում է Սահմանադրությանը: Հակառակ դեպքում Սահմանադրությունը չի աշխատում: Ապրիլի 9-ից հետո բոլոր կուսակցությունների թիրախում Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հեգնանքը` կապված Րաֆֆի Հովհաննիսյանի և ոստիկանապետի աղոթքի հետ, մյուս կուսակցությունների տարակուսանքը Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների հետ կապված, մթագնում են հիմնականը` փետրվարի 18-ին Հայաստանում հերթական անգամ կոպտորեն ոտնահարվեց Սահմանադրությունը: Ընդդիմությունը նախընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին անլրջացնելով` նրա սխալներով ծածկել սեփական դեֆեկտները:

Անլրջացնելով փետրվարի 18-ի կարևոր իրադարձությունը` մյուս կուսակցությունները տխուր ժպիտ են նկարել շուրթերին` իբրև` մի՛ հուսահատվեք, որ այս անգամ էլ չստացվեց. ինքներդ տեսաք, որ Րաֆֆին ա՛յն թեկնածուն չէ:

Սա վտանգավոր միտում է, որն այս տարիներին օգտագործում են նաև ընտրությունները կեղծող իշխանությունները` ժողովուրդը դեռևս հասուն չէ ճիշտ ընտրություն անել: Հետևաբար` ավելի փոքր չարիք է ընտրությունը կեղծելը, քան թույլ տալը, որ երկիրը ղեկավարեն Ստեփան Դեմիրճյանը (2004-ին), Լևոն Տեր-Պետրոսյանը (2008-ին) կամ Րաֆֆի Հովհաննիսյանը (2013):

Կորցնելով երկրի ընտրված նախագահ ունենալու հնարավորությունը (ընտրված թեկնածուի անձը երկրորդական է), ընդդիմությունն այժմ պայքարում է Երևանի համար, քանի որ, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «նախագահ դառնալու ճանապարհը Երևանի ավագանու հաղթանակ տանելն է»: Ընդ որում, Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունները գնում են նույն մարտավարությամբ, ինչ նախագահականին:

ՀԱԿ առաջնորդը շարունակում է համառորեն ընդդիմադիր կեցվածք վերագրել ԲՀԿ առաջնորդին: Ոչ ոք չի ժխտում. ԲՀԿ-ում կան մարդիկ, որոնք դեմ են Սերժ Սարգսյանին, ինչպես և` ՀՀԿ-ում: Սակայն նրանք եղանակ չեն ստեղծում: Իր հավաստիացումներին հակառակ` ԲՀԿ առաջնորդը չմասնակցեց նախագահի ընտրություններին:

Նախագահական ընտրություններին այս կուսակցության բուրժուաներն աշխատել են հօգուտ Սերժ Սարգսյանի, իսկ Առինջ գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է 99,9 տոկոս ձայն: Կորցնելով Հայաստանը ղեկավարելու հնարավորությունը` ընդդիմությունն ակնկալում է ստանալ Երևանը: Վիճելի դրույթ է: Սակայն պապիկների հետ վիճելը վատ տոն է:

Լիլիթ Ավագյան

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930