Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայություններ առաջարկող քարոզիչները ԲՀԿ-ականնե՞ր չեն

Ապրիլ 16,2013 10:49

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության այս օրերին ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի քարոզիչները՝ դավթարները ձեռքներին, տուն առ տուն շրջելով, քարոզչություն են իրականացնում՝ ընտրողներին առաջարկելով բժշկական, նյութական եւ այլ ծառայություններ։

ԲՀԿ-ական քարոզիչները հանգստյան օրերին նույն առաքելությամբ թակել են նաեւ մեր թերթի լրագրողների դռները։ Նախ հետաքրքրվել են, թե ինչ կարծիքի են ԲՀԿ-ի մասին, ապա՝ թե ինչ խնդիրներ ունեն հոսանքի, գազի, ջրի, կոմունալ վարձավճարների մասով եւ առաջարկել՝ եթե խնդիրներ ունեն, կարող են դիմել իրենց։ Սակայն «քյաշ» փող չեն առաջարկել՝ ասելով, թե երեկոյան ժամին կուսակցության տարածքային գրասենյակում ժողով է, կարող են գալ ու ներկայացնել իրենց խնդիրները։ Խոստացել են, որ որոշակի աջակցություն կլինի։

Ընդ որում, ԲՀԿ-ական քարոզիչներին սովորեցրել են, որ, օրինակ, «ընտրակաշառք» բառը լսելիս սուր ռեակցիա տան եւ փորձեն բացատրել, որ իրենց առաջարկածը պարզապես աջակցություն է՝ բարեգործություն, որը ողջ տարվա ընթացքում է արվում։

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում առաջարկվող «հումանիտար օգնություններն» ակնհայտ ընտրակաշառք են, ինչը քրեորեն պատժելի արարք է եւ առաջարկողի, եւ վերցնողի դեպքում։

Թե ինչու է ԲՀԿ-ի հումանիզմն այս օրերին այսպես ակնհայտ դարձել, փորձեցինք պարզել ԲՀԿ ցուցակի 2-րդ պատվավոր հորիզոնականն զբաղեցրած մեծահարուստ Գուրգեն Արսենյանից։

Պարոն Արսենյան, այս օրերին  ԲՀԿականները շրջում  են շենքերով եւ ընտրողներին առաջարկում  սոցիալական ծառայություններ՝ գազի, հոսանքի, կումունալ այլ ծախսեր հոգալու, ինչպես նաեւ բժշկական անվճար ծառայություններ։ Նախընտրական շրջանում ինչո՞ւ եք նման ծառայություններ մատուցում։

– Ձեր կողմից նշված մարդիկ որեւէ փաստաթուղթ ցույց տվե՞լ են, որ ԲՀԿ անդամ են։

Ներկայացան որպես ԲՀԿ-ականներ, ցուցակ ունեին,  ճշտում էին հասցեատերերին, ինչից հետո միայն վերոնշյալ առաջարկով էին հանդես գալիս։

– Նախընտրական  փուլում տարբեր  տեսակի  դեզինֆորմացիաներ կան։ Նմանատիպ լիազորություններով  մեր  ընտրական թիմի անդամները չեն գործում։ ԲՀԿ-ական քարոզչական այն խմբերն են  այցելում տները, որոնք

որ պետք է զբաղված լինեն  քարոզչություն  անելով։  Մնացածը որեւէ   մեկի   լիազորությունից դուրս է։

 

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930