Լրահոս
Օրվա լրահոսը

Բոստոնում պայթյունների հետևանքով զոհվել է երեք, վնասվածքներ ստացել՝ 100-ից ավելի մարդ

Ապրիլ 16,2013 10:16

Իշխանությունները հայտնաբերել են չգործած պայթուցիկ ևս երեք սարք, որոնցից մեկը հայտնաբերվել էր Բոստոնի Նյութն արվարձանում

Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ երկուշաբթի օրը գրեթե միաժամանակ տեղի է ունեցել երկու ուժգին պայթյուն, որի հետևանքով  զոհվել է երեք, վնասվածքներ ստացել ավելի քան 100 մարդ:

Հետաքննության անցկացման մանրամասներից տեղյակ աղբյուրներից մեկի համաձայն, իշխանությունները հայտնաբերել են չգործած պայթուցիկ ևս երեք սարք, որոնցից մեկը հայտնաբերվել էր Բոստոնի Նյութն արվարձանում:

Դեռևս որևէ հաղորդագրություն չկա հարձակման դրդապատճառների կամ հարձակումն իրականացրածների մասին: Իշխանությունների համաձայն, իրականացված հարձակումների համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

Չնայած ԱՄՆ-ի նախագահ Օբաման իր խոսքում տեղի ունեցածը հարձակում չի որակել, սակայն ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնյաների համաձայն, բազմաթիվ պայթուցիկ սարքեր ներառող ցանկացած իրադարձություն «հստակ վկայում է ահաբեկչական գործողության մասին, և դրան վերաբերվելու են ահաբեկչական գործողության նման»:

Պայթյունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մարաթոնի 27 հազար մասնակիցներից մոտ 17 հազարն արդեն իսկ հատել էին ֆինիշային գիծը: Ոստիկանության աշխատողները պայթյուններից հետո թույլ չեն տվել մարաթոնի մասնակիցներին վերադառնալ մրցավազքի անցկացման վայր: Դադարեցվել է նաև դեպքի վայրը սպասարկող մետրոյի գծի աշխատանքը:

Բոստոնի մարաթոնի դեպքի վայր ժամանած փրկարար ծառայությունների աշխատողները արյունով պատված փողոցներից շտապում էին տեղափոխել վերջույթների վնասվածքներ ստացած տուժածներին մոտակայքում պատրաստված շարժական հիվանդանոց: Հիվանդանոցը պատրաստվել էր ավելի վաղ՝ մարաթոնի ուժաթափ եղած մասնակիցներին օգնություն տրամադրելու համար:

Պայթյունների հետևանքով ԱՄՆ-ի ավիացիայի դաշնային վարչությունը ժամանակավորապես արգելել է զույգ պայթյունների վայրի վրայով թռիչքների անցկացումը: Արգելքը սակայն չէր վերաբերվում Բոստոնի «Լոգան» օդանավակայանից իրականացվող թռիչքներին:

Բոստոնի դեպքերից հետո աշխարհի բազմաթիվ քաղաքներում խստացվել են անվտանգության միջոցները: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտնել է կիրակի օրը կայանալիք Լոնդոնի մարաթոնի անվտանգության ծրագրերը վերանայելու մասին, քանի որ Լոնդոնը չափազանց կարևոր թիրախ է համարվում ահաբեկիչների կողմից:

Նյու Յորքի ոստիկանության խոսնակը հայտնել , որ Բոստոնում տեղի ունեցած պայթյուններից հետո քաղաքի Մանհաթան թաղամասում ուժեղացվել է նշանակալից վայրերի, ներառյալ հայտնի հյուրանոցների, հսկողությունը:

Անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել նաև ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում և Լոս Անջելես քաղաքում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Բոստոնի քաղաքապետ Թեմ Մենիննոյի և Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկի հետ, որոնց ընթացքում խոստացել է ամեն տեսակի օգնություն տրամադրել հարձակման փաստով անցկացված հետաքննության ընթացքում:

Բոստոն քաղաքը ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող խոշորագույն քաղաքներից է, որտեղ ամեն տարի անցկացվող մարաթոնը քաղաքի նշանակալի միջոցառումներից մեկն է: Ամենամյա մարաթոնին մասնակցելու համար քաղաք են ժամանում բազմաթիվ հյուրեր:

Տեսանյութ՝ պայթյուններից մեկի մասին

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930