Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրևախառն ասֆալտապատում` Գյումրիում

Ապրիլ 15,2013 22:53

Քիչ առաջ Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության օպերատոր  Տիգրան Գասաբյանը ֆեյսբուքյան  «Լեննագանցիք» խմբում մի լուսանկար էր տեղադրել, որտեղ պատկերված էր, թե ինչպես են անձրևի տակ ասֆալտապատում Գյումրու կենտրոնական փողոցներից մեկը:

Օպերատորը նշել էր. «Ինչ որ տեսել են աչքերս.  կրկին անձրև ու ասֆալտապատում»: Օգտատերերից մեկն էլ   կատակով արձագանքել էր. «Ավանդույթները շարունակվում են,  երևի այս վերջին շաբաթվա մեջ փորձի փոխանակում են կատարել,  խոստացավ չէ՞, թե կարող ենք գանք, սովորեցնենք»: Օգտատերը, այսպես գրելով,  ի նկատի ունի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով  մոտ մեկ ամիս առաջ «ՑԱՅԳ» հեռուստաընկերությամբ  քննադատեց ներկայիս  քաղաքապետի  կատարած ասֆալտապատումը` ծաղրանքով   իր օգնությունը առաջարկելով:

Ինչևէ,  ի նկատի ունենալով, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գյումրու փողոցները ասֆալտապատվում են անձրևի տակ (մենք նման  փաստեր ֆիքսել ենք), նախևառաջ փորձեցինք  պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության և տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանից:

Մեզ մի պահ թվաց, թե այդ փողոցը ասֆալտապատվում է կառավարության` Գյումրուն հատկացրած  300 միլիոն դրամի շրջանակում, որը նպատակ ունի տեսքի բերել մշակութային մայրաքաղաք  հռչակված ու հյուրերի սպասող քաղաքի ավերակ փողոցները: Սակայն մարզպետարանի պաշտոնյան տեղեկացրեց, որ  այդ գումարը ստանալու համար դեռ պայմանագրեր են կնքում կառավարության հետ, և  նախատեսված  գումարով կասֆալտապատվեն միայն Գյումրու հրապարակը` հարակից 4 փողոցներով, ինչպես նաև Շիրակացի փողոցը, իսկ մեր նշած  ասֆալտապատումը  իրականացվում է  համայնքի  բյուջեով:

Մենք կապ հաստատեցինք  նաև Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանի հետ` հետաքրքվելով, թե ինչո՞ւ են անձրևի տակ ասֆլատ անում: Պաշտոնյան պարզաբանեց հետևյալը. « Նախ էդ անձրևը  էն անձրևը չէր, որ դադարեցնեին աշխատանքները, բացի այդ, եթե ֆիքսում եք այդ կադրերը, չե՞ք տեսնում, որ գազի բալոնը բերեցին,  այրիչը` (գառելկան),  իջեցրեցին, չորացրեցին, նոր լցրեցին: Ես ձեզ վստահեցնում եմ,  որ 11 պաշտոնատար անձ հսկիչ է կարգված ամեն մի  բրիգադի գլխին:  21 ավագանու անդամ ունենք, որից մեկը կին է, այդ կնոջը չհաշված, մնացածները հանձնաժողովի կազմում են, դե հաշվեք . 5  ավագանու անդամ, քաղաքապետի մեկ խորհրդական , կոմունալ բաժնից մեկ գլխավոր մասնագետ հսկում են ամեն մի բրիգադին: Չհաշված քաղաքապետը, ես ու քաղաքապետի տեղակալը, ովքեր ամեն տեղ լինում են, ուսումնասիրում են ամեն  մի բրիգադի կատարած աշխատանքը,   այնպես որ ասֆալտապատումը խիստ  ձևով է հսկվում, և անորակ լինելու մասին խոսք անգամ  չի կարող  լինել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930