«Որպես ավագանու թեկնածու, որպես քաղաքացի, և երևանցի` անչափ մտահոգ եմ քաղաքի անհամաչափ զարգացման խնդիրներով: Այսինքն, կա մի փոքրիկ կենտրոն և կա ուշադրությունից դուրս Շենգավիթ համայնք, որտեղ տարածքը զուրկ է անգամ քաղաքում տեղակայված նստարաններից»,-այս մասին այսօր Շենգավիթ վարչական շրջանում, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում կայացած հանդիպման ընթացքում ասաց ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածու Ջուլիետա Թադևոսյանը:
Նույն ցուցակում ընդգրկված Հեղինե Հակոբյանն էլ հավելեց, որ ներկաների մեջ կան ոչ միայն կուսակցականներ, այլ նաև համակիրներ. «Եկեք բոլորս միահամուռ կերպով մտածենք, նոր քայլ կատարենք, նոր ակորդ խփենք «Օրինաց երկիր» կուսակցության համար»,-հորդորեց տիկին Հակոբյանը:
Ավագանու ցուցակը գլխավորող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր ելութում նշեց, որ իր ընտրվելուց հետո, իր ծրագրի համար մեկ խնդիրը լինելու է երևանցուն եռամսյակը մեկ հաշվետվություն տալը. «Ինչ եմ արել և ինչ եմ անելու: Եթե քաղաքապետն աշխատի, թաղապետն ո՞վ է, որ չաշխատի»:
Քաղաքապետի թեկնածուն, անդրադառնալով հնարավոր ընտրակաշառքներին, ասաց. «Ես գիտեմ, բերելու են փող են բաժանելու, ու էլ ինչեր են անելու: Այսօր տարբեր ձևեր ու մեթոդներ կան: Փողը կտան` վերցրեք, պրոբլեմ չկա. ոչ ոք ձեզ չի նկարում, ոչ ոք ձեզ չի տեսնում: Հարյուրը կտան, հարյուրից էլ վերցրեք, բայց ընտրեք այն մարդուն՝ ում վստահում եք»:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ