ՀԱԿ համագումարի երկու 22 հոգանոց ցուցակները նախապես էին կազմվել:
Շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարում ղեկավարություն ընտրվեց: Նորաստեղծ կուսակցության վարչությունը կազմված է 45 անդամից, որոնցից 22-ը նախկին ՀՀՇ անդամներ են, 22-ը`ՀԱԿ դաշինքի նախաձեռնող խմբից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ երկու 22 հոգանոց ցուցակները, փաստորեն, նախապես էին կազմվել, դրանք ներկայացվեցին համագումարի հաստատմանը:
Մինչդեռ նախկինում՝ ՀՀՇ համագումարների ժամանակ, պատվիրակները անհատական առաջադրումներ էին անում, վարչության անդամների թեկնածուներ էին առաջարկում, ապա գաղտնի քվեարկությամբ համագումարի պատվիրակները ընտրում էին վարչության անդամներին:
Կարդացեք նաև
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով ՀԱԿ նոր կուսակցության համագումարում վարչության այսպիսի կարգով հաստատմանը, նկատեց․ «Եթե հրավիրված լինեի, կողքից նայեի, ապա կժպտայի՝ հիշելով նախկին Խորհրդային միությունն ու ՍՄԿԿ համագումարները: Իսկ եթե մանդատով պատվիրակ լինեի, ապա իհարկե անպայման ելույթ կունենայի, որովհետեւ այդ ձեւն անընդունելի է հատկապես մի կուսակցության համար, որը ժողովրդավարության մասին է խոսում: Ինձ համար անընդունելի էր ընտրության կարգը ներկայացնողի արդարացումը, երբ կմկմալով, ամաչելով պարզաբանում էր, թե՝ սա էլ է ինչ-որ ձեւով ժողովրդավարություն, որովհետեւ դուք այդ մարդկանց չեք ճանաչում, դրա համար ընտրել չեք կարող․․․ Այդ խոսքից արդեն հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող ես ընտրել մարդկանց, որոնց չես ճանաչում»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՀՀՇ նախկին վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում: