Վարդան Օսկանյանը կարծում է, որ Երեւանի ներկայիս ռեսուրսով էլ շատ խնդիրներ հնարավոր է լուծել:
«Մայիսի 5-ի ընտրությունները շատ կարեւոր են Երեւան քաղաքի, կասեի` երկրի համար, որովհետեւ, կախված արդյունքներից, սա կարող է բեկումնային ընտրություն լինի»,- այսօր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Ֆուչիկ-Մարգարյան-Հալաբյան խաչմերուկի շենքերի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:
Պարոն Օսկանյանի գնահատմամբ` նաեւ հանրությունն է արդեն այս ընտրությունները քաղաքական դիտարկում: Նախ այն պատճառով, որ բնակչության քանակով, տնտեսական ներուժով Երեւանը մեր հանրապետության կեսն է, եւ երբ քաղաքապետ է դառնում ոչ իշխող կուսակցության ներկայացուցիչը, դա բերում է մրցակցային պայմաններ եւ քաղաքական առումով լուրջ հակակշիռ է լինում իշխող կուսակցությանը:
Կարդացեք նաև
Անցած տարիների հիմնական խնդիրը բանախոսը համարում է այն, որ մեկ կուսակցություն է ամեն ինչը հսկել, որոշումները մեկ տեղից են կայացվել: Մինչդեռ Երեւանի ընտրություններն այժմ կուսակցական մենաշնորհը վերանայելու հնարավորություն են ընձեռում: Օսկանյանը կարծում է, որ նման պարագայում նաեւ քաղաքի ու նրա բնակիչների սոցիալ-կենցաղային խնդիրները առավել դյուրին եւ արդյունավետ կարելի է լուծել. «Պատկերացրեք, եթե քաղաքապետը նույն իշխող կուսակցությունից չէ, կառավարության նիստերում, փաստորեն, լինում է ավելի ինքնուրույն, համարձակ եւ կարողանում է դիմադրել որոշ խնդիրների, հարցեր բարձրացնել, քաղաքի շահերն առաջ մղել եւ ոչ թե ընդհանուր ծրագրեր, որնք միտված են մեկ կուսակցության կամ ավելի նեղ քաղաքական շրջանակների խնդիրները լուծել: Դրանից մեր քաղաքական համակարգն էապես կշահի, կառողջանա նաեւ երկրի քաղաքական մթնոլորտը»:
Օսկանյանն ասաց, որ ԲՀԿ-ն Երեւանի հետ կապված լուրջ ծրագրեր ունի եւ նվիրվելու են այդ խնդիրների լուծմանը` շենքերի վերելակներից եւ տանիքներից սկսած, կանաչ գոտիներով, տրանսպորտով, կրթական խնդիրներով եւ բուժհաստատություններով վերջացրած: Նաեւ` մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական տեսքը եւ քաղաքապետարանի բյուրոկրատական քաշքշուկների վերացումը:
«Եթե մենք կարողանում ենք քաղաքի իշխանությունը վերցնել, ոչ թե մեկ անհատ` քաղաքապետը կամ ԲՀԿ-ի ավագանիները, այլ ողջ կուսակցությունը` ներառյալ պարոն Ծառուկյանը, պատասխանատվություն ենք վերցնելու նվիրական եւ ազնիվ աշխատանքի, ծառայել հասարակությանը, յուրաքանչյուր անհատի: Մեր գաղափարախոսության հենքը լինելու է` յուրաքանչյուր քաղաքացուն տալ արժանապատիվ կյանք իր քաղաքում, որ քաղաքացին իրեն հարազատ զգա քաղաքում: Նեղ գրպանային շահեր չեն լինելու: Կուսակցության առաջնորդը հետեւելու է քաղաքապետի եւ ավագանու գործունեությանը եւ թերացումների պարագայում փոփոխություններ են արվելու` ի տարբերություն մյուսների, որոնք մեկ անհատի վրա են փորձում դնել պատասխանատվությունը: Դրա օրինակները մենք նախկինից ունենք: Հավաքական պատասխանատվություն վերցնելը մեզ ավելի պատասխանատու է դարձնելու»,-ասաց նա:
Ամփոփելով ընտրարշավի անցած փուլը՝ Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ քաղաքային իշխանությունների թերացումն ակնհայտ է Երեւանում. «Տարբեր վարչական տարածքներում եղել ենք եւ ասեմ, որ ժողովրդի ընդհանուր բողոքն ու պահանջը շատ տրամաբանական է: Արտառոց պահանջներ չկան, մարդիկ պահանջում են սահմանադրականորեն իրենց տրվածը` ջուրը, լույսը եւ այլն: Չկա մի հարց, որը բարձրացվել է եւ որը քաղաքի այսօրվա ռեսուրսներով հնարավոր չէ լուծել: Ես կարծում եմ՝ այս վիճակը ստեղծվել է մարդկանց անտարբերության եւ ինչ-որ տեղ նաեւ անխիղճ վերաբերմունքի արդյունքում: Եթե քաղաքապետարանում կլինեն մարդիկ, ովքեր նվիրված կաշխատեն` այդ խնդիրները լուծում կստանան»: Որպեսզի այս ծրագրերը թղթի վրա չմնան` Օսկանյանը հորդորեց մայիսի 5-ին ձայն տալ ԲՀԿ-ին:
Հանդիպմանը ներկա Թամար Պողոսյանն էլ խոսեց Երեւանի էկոլոգիական եւ բնապահպանական համակարգերից` առաջարկելով մայրաքաղաքում վերականգնել էլեկտրատրանսպորտի գոյությունը:
ԲՀԿ համամասնական ցուցակի անդամները պատասխանեցին նաեւ բնակիչներին հուզող հարցերին, որոնք հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթի էին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ես ամեն անգամ խորը ցավ եմ ապրում նաև այն իրավիճակից, երբ տեսնում եմ, որ 2008 թ-ի մարտի 1-ից մինչ օրս անմարդկային ձևով շահարկվում է իրենց նպատակին,՝ Վարդան Օսկանյանի բարի,
խելացի, մարդկային, բարձր ինտելեկտը, բայց ոչ ի շահ ազգի բարեգործությանը: Չեմ կարծում, որ
Օսկանյանը իմ չափ չի հասկանում, և հույսով եմ, որ նա մի օր կասի ինչու այդպես ստացվեց: