«Դինո գոլդում էլեկտրաշոկի են տալիս». Եղիա Ներսիսյանի այս հայտարարության համար այսօր հերթական դատական նիստն էր:
Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում «Դինո գոլդ մայնինգ» հանքարդյունաբերական ընկերության հայցն էր լսվում ընդդեմ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի: Հանքարդյունաբերական ընկերությունը Եղիա Ներսիսյանից պահանջում է հերքել` «Դինո Գոլդում աշխատակիցներին էլեկտրաշոկի են ենթարկում» հայտարությունը, որն ակտիվիստը հնչեցրել է ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը, եւ բացի հերքումից, «Դինո գոլդը» հայցով պահանջում է նաեւ Եղիայից գանձել 1 դրամ:
«Հանքակե’ր, մարդակեր», «Ինչպես տատս էր ասում`հաջորդը դատարանում Թեղուտ, Ամուլսար, Քաջարան», «Դինո գոլդ, փակ ստրկատիրական ընկերություն», «Կանադական էկոգաղութարար, դո’ւրս մեր երկրից», «Մարդն է արժեք, ոչ թե հումքը».այս անգամ էլ նման գրառումներով պաստառներով «Թռչկան» նախաձեռնող խումբը դատարանի շենքի առջեւ ակցիա էր կազմակերպել՝ ի պաշտպանություն Եղիա Ներսիսյանի եւ պահանջում էին արդար դատ:
Նույնիսկ դատական նիստի ընթացքում էլ նրանց բացականչությունները լսվում էին դահլիճում, հայցվոր կողմն էլ դիմեց դատարանին` պարզաբանելով, որ ակտիվիստները փորձ են անում ճնշում գործադրել դատարանի վրա: Իսկ դատավորը սահմանափակվեց բաց պատուհանը փակելով եւ նշեց, որ բնապահպան ակտիվիստների այդ ակցիան ամենեւին էլ չի ճնշում դատարանին:
Կարդացեք նաև
Բնապահպան ակտիվիստների մեծ մասին թույլ չտվեցին դատարանի շենք մտնել եւ բաց նիստին ներկա գտնվել` դահլիճում ազատ տեղ չլինելու պատճառաբանությամբ: Այս առնչությամբ Եղիա Ներսիսյանի փաստաբանը, հաջորդ նիստերը ավելի մեծ դահլիճում անցկացնելու համար դատարանին միջնորդություն ներկայացրեց, որն, ըստ էության, չմերժվեց:
Դատարանը լսեց հայցվորի պահանջներն ու պատասխանող կողմի առարկությունները, ապա որոշեց հաջորդ նիստի օրը 2 կողմերի հետ համաձայնեցնել եւ համապատասխան օրը մեծ դահլիճում հաջորդ նիստն անցկացնել:
«Հանքարդյունաբերական ընկերությունն անհանգստացած է, քանի որ միջազգային բանկերից վարկ է ակնկալում, իսկ մեր` նման գործողությունների արդյունքում հնարավոր է չստանա այդ վարկը: Սա մեր ժողովրդի ընդերքն է, շահագործումից մեր պետբյուջե մտնում է մոտ 20%-ը, այն ընդերքից, որ 100%-ով պատկանում է հայ ժողովրդին, 20% շան փայ են քցում մեզ: Իրականում թե ոնց ա գործում հարկային դաշտը, մենք գիտենք, որ 5 %-էլ չի մտնում պետբյուջե, մնացած 95%-ը գնում է Կանադա ու Ռուսաստան: Մեր հարստությունը թալանում են մեզանից, վերջում էլ մեզ փորձում են ճնշել, որ չկարողանանք պաշտպանենք մեր իրավունքները: Ճնշում են մեր իշխանությունների միջոցով, մեր իսկ գրած օրենքներով»,-դատարանի շենքի առջեւ նման հայտարարություն արեց «Թռչկան» նախաձեռնող խմբի ներկայացուցիչը, ապա խմբի անդամները երգելով դիմեցին հանքարդյունաբերական ընկերությանը` «Մենք բոլորս Եղիա ենք… էկոգաղութարարներ, դե շո’ւտ փախեք ձեր տներ: Ինչքան կերաք` բոլ եղավ, ու ձեզ արդեն շատ եղավ: Եռաֆազը կքոքենք, ու ձեր քոքը կկտրենք»:
«Դինո գոլդ մայնինգի» ներկայացուցչի` Եղիա Ներսիսյանին մեղավոր ճանաչելու հիմնավորումը` տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ