Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «ՄեդիաԼաբ» ծրագրի ավարտական ցուցադրությունը

Ապրիլ 15,2013 19:18

«Մենք սովորեցնում են տեխնոլոգիաների միջոցով մտածել արվեստի մասին»,- ասաց Վահե Բուդումյանը երեկ կայացած Ուտոպիանա կազմակերպության «ՄեդիաԼաբ» ծրագրի ավարտական աշխատանքների ցուցադրության ժամանակ: Կազմակերպությունը զբաղվում է ժամանակակից արվեստի հարցերով, որի նպատակներից է խրախուսել արվեստագետներին իրենց ստեղծագործությունների ոլորտում: Իսկ կոնկրետ «ՄեդիաԼաբ» ծրագիրը, որը շարունակական բնույթ է կրում, ներառում էր մեկ տարվա դասըթնացներ՝ շաբաթը երկու օր հաճախականությամբ, որոնք բացառապես անվճար են եղել, քանի որ, ինչպես նշում է ծրագրի համակարգող, կազմակերպության անդամ և լուսանկարչության դասախոս Վահե Բուդումյանը, իրենք շատ են կարևորում անվճար կրթությունը. նրա խոսքով՝ ամեն գիտելիք չէ, որ պետք է վճարովի լինի: «Այսօր կան անհատներ, ովքեր հանդես են գալիս որևէ կազմակերպության անունից, բայց իրականում տալիս են մասնավոր դասեր: Մարդիկ լուսանկարչություն կարող են սովորել հենց այդ դասերի կամ Մանկավարժական համալսարանում համապատասխան առարկայի շրջանակներում: Երկու դեպքում էլ նրանք վճարում են, այլընտրանք չկա, իսկ մենք առաջարկում ենք անվճար ու որակյալ կրթություն»,-ասաց նա: Նշենք, որ Վահեն դասավանդում է նաև Հույսի կամուրջ կազմակերպության «Մեդիա» խմբում: IMG_2140
Նա հիշում է ՝ երբ հեռուստատեսությունը մասսայական բնույթ կրեց, շատերը եզրակացրեցին, որ նոր տեխնոլոգիաները գագաթնակետին կհասնեն, իսկ կրթությունը ետին պլանում կմնա, այնինչ, ինչպես ինքն է ասում, հետագայում պարզվեց, որ այդպես չեղավ: Վահե Բուդումյանը հավելում է նաև. «Այսօր կա մերժողական վերաբերմունք նոր տեխնոլոգիաների նկատմամբ: Կա նաև ծայրահեղություն, օրինակ՝ Թումոյի դեպքում, որ ամեն կերպով խրախուսում են նոր տեխնոլոգիաները, իսկ ոչ մի տեղ չեն սովորեցնում քննադատաբար մոտենալ դրանց, մենք փորձում ենք լրացնել այդ բացը»:
Նշենք, որ ցուցահանդեսի ժամանակ ներկայացված էին սաների աշխատանքները՝ ֆոտոների և վիդեոների տեսքով: Սաներից մեկը՝ Լիլիթ Ղազարյանը, ներկայացրել էր Լեոյի այգին: «Սկզբում որոշել էին ընտրել միայն բնապահպանական խնդիր, սակայն որոշ ժամանակ անց ներառեցի նաև կենդանական աշխարհը՝ ցույց տալով, թե ինչպես են մարդիկ ու կենդանիները ապրում այդպիսի միջավայրում, երբ շուրջը կեղտոտ է, անխնամ, ինչը նաև իրենք են ստեղծում»,-ասաց Լիլիթը: Իսկ սաներից Հասմիկն ու Անահիտը «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում պատմեցին, որ իրենք և իրենց ընկերուհին՝ Էլենը, ով ներկա չէր ցուցադրությանը, ֆիլմ են նկարել՝ «Հանրայինի և հանրության միջև» վերնագրով. «Նկարահանումները հիմնականում իրականացրել ենք քաղաքի կենտրոնում, ինչը պատահական չէր: Մենք փորձել ենք ճշտել մարդկանց կարծիքը, թե առհասարակ ինչ են հասկանում հանրային ասելով, ցանկացել ենք նաև ցույց տալ, որ այն վայրերը, որոնք նախկինում զբոսայգիներ էին, մարդիկ անվճար էին այցելում, իսկ հիմա, երբ շատերը օբյեկտների են վերածվել, մարդիկ վճարում են այդտեղ գնալու համար»: Նրանք նաև հավելեցին, որ իրենց ֆիլմի նպատակներից էր բարձրացնել մարդկանց հետաքրքրությունը հանրային տարածքների նկատմամբ, կոչ անել հետևողական լինել իրենց իրավունքների հարցում. «Մենք փորձում էինք ցույց տալ նաև, որ պետությունը մեծ գումարներ է հատկացնում քաղաքի բարեկարգման համար, ինչն իրականում նպատակահարմար չի կիրառվում, կարելի է ասել սա նաև կոչ էր պետությանը»: Սաների աշխատանքների վերաբերյալ մենք փորձեցինք ճշտել նրանց դասախոսների կարծիքները: «Ցնցող էին Լիլիթի նկարները, նա կարողացել էր նկատել նույնիսկ մանրուքները, օրինակ նկարներից մեկում ցուցադրված է փայտի կտորը սառույցի մեջ, որը կարծես թե տխուր է: Իսկ ինչ վերաբերում է ֆիլմին, նշեմ, որ այն ներկայացվել է նաև այլ նախաձեռնության շրջանակում, որը բարձրաձայնում էր լուրջ հարց ՝ կապված «հանրային» հարցերի հետ»,-ասաց Վահե Բուդումյանը: Դասախոսներից Հայկ Մկրտչյանը, ով տալիս է ռեժիսուրայի և օպերատրության դասեր, մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար շատ հաճելի է եղել աշխատել այդպիսի երեխաների հետ: «Դասախոսը երբեմն մտածում է, թե ինչու իր դասն առաջ չի գնում, գուցե դա անհետաքրքիր է, սակայն լավ է, որ մենք այդպիսի խնդիր չունեցանք: Դասերն անցկացվում էին քննարկումների տեսքով, ինչն ավելի էր հեշտացնում մեր գործը, երեխաները բարձրաձայում էին տարբեր հարցեր, կիսում իրենց կարծիքները»,-ասաց նա: :
Նշենք, որ «ՄեդիաԼաբ» ծրագիրը համագործակցում է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի հետ, որն էլ նրանց տրամադրում էր սաներ՝ ավարտական դասարանի աշակերտներից: Սակայն նրանք չեն մերժել իրենց սաներից մեկին, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, և ով լսելով նախաձեռնության մասին, շտապել է դիմել իրենց: Վահե Բուդումյանի խոսքով ՝ իրենք չեն տալիս մասնագիտական կրթություն, սակայն դասընթացները հնարավորություն են տալիս սաներին սովորելու տարբեր մարդկանց հետ շփվելու, հարցեր տալու և այլ մեթոդներ: Նրանք տրամադրում են տեխնիկա և սովորեցնում տեսական գիտելիքները կիրառել գործնականում: «Մենք փորձելու ենք ուղղորդել մեր սաներին»,-ասում է Վահեն: Ծրագիրը սակայն չունի աջակիցներ, այս հարցով բազմիցս դիմել են տարբեր կազմակերպությունների, բայց ստացել են մերժումներ. «Սա մեր ամենացավոտ կողմն է»,-ասաց Վահեն: Ի դեպ, երբ մենք այնտեղ էինք, համակարգի աշխատողները իրենց սաներին տրամադրում էին հարցաթերթիկներ՝ նշելու իրենց տպավորություններն ու գնահատականները դասընթացների վերաբերյալ, նրանք նաև տեսանյութ էին նկարահանում, որը նպատակ ուներ հետագայում ցուցադրելու տարբեր ընկերությունների՝ իրենց աշխատանքը ներկայացնելու և աջակցություն գտնելու հարցում:
Նշենք, որ ցուցադրության վերջում սաներին հանձնվեցին վկայականներ, շնորհակալական խոսքով հանդես եկան թե նրանք, և թե դասախոսներն ու համակարգի աշխատողները՝ մյուս տարի կրկին համագործակցելու հույսով:

Նազենի Բաղդասարյան

 Լուսանկարները` Մարիաննա Վարդանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930