Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյանը՝ նորաստեղծ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի մասին

Ապրիլ 15,2013 18:46

Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե՝ ի՞նչ կարծիքի է նորաստեղծ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի մասին, արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կար, մի՞թե բավարար չէր ՄԻՊ-ի գործունեությունը, ասաց.«Չէի ցանկանա այդ հարցին սպառիչ պատասխան տալ, բոլոր ասպեկտներով, որովհետեւ պետք է լավ ծանոթ լինել հիմնավորումներին: Այսօր էլ մարդու իրավունքների պաշտպանին զուգահեռ կան բազմաթիվ կառույցներ, պաշտոնատար անձինք, որոնց համար առաջնային խնդիր է համարվում. եթե չասեմ հենց մարդու իրավունքների պաշտպանությունը, ապա գոնե իրենց գործունեությունը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները որպես առանցքային համարելը, նույն  դատախազության, դատարանների համար եւ այլն: Ճիշտ է այսօր ավելի շատ ականատես ենք լինում իրավիճակի, երբ մարդու իրավունքների պաշտպանի կառույցը եւ այն կառույցները եւս, որոնք կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները՝ գտնվում են հակադրության մեջ, բայց իրականում այստեղ հակադրությունն այդքան շեշտադրված չպետք է լիներ»:

Դանիելյանի ձեւակերպմամբ՝ այսօր իսկապես մարդու իրավունքների պաշտպանը չի կարող համագործակցել այս մարմինների հետ ցանկացած հարցում, որովհետեւ հարցեր կան, որտեղ նա անելիք չունի եւ «չեմ կարծում, որ նրա ամեն մի գնահատական, եզրակացություն, պետք է անպայման ստանա արձագանք, թե ոստիկանության, թե ազգային անվտանգության կողմից: Ճիշտ է, արձագանք պետք է լինի, բայց այն առումով, եթե իսկապես լուրջ հակափաստարկներ կան, բայց ամբողջ զեկույցը վերածել քննադատության թիրախի կամ հակադարձել՝ այնքան էլ ճիշտ չէ»:

Դանիելյանը գտնում է՝ միշտ էլ պետք է ողջունել այն կառույցները, որոնք ստեղծվում են պետության կողմից եւ ոչ միայն պետության, այլեւ ոչ պետական, եւ պետք է դրանք ստորադասվեն ՄԻՊ-ի գործունեությանը, որովհետեւ հիմնական պատասխանատուն ե’ւ լիազորությունների, ե’ւ կարգավիճակի տեսանկյունից՝ նա է:

«Մեր հասարակական-քաղաքական-իրավական կյանքը թելադրված է կոնկրետ մարդկանցով, ու  որպեսզի հաջողություններ գրանցվեն, պետք է լինի անձնական հեղինակություն, աջակցություն ու այս ամենին  զուգահեռ այն կարգավիճակիը, որ մենք սահմանադրության օրենքներում ամրագրում ենք, իսկ եթե պարզապես  շնորհում ենք կարգավիճակ,  բայց դրանից բխող աջակցությունը չի լինում, կամ դա չի ուղեկցվում անհրաժեշտ հեղինակությամբ, ապա խնդիրներն անխուսափելի են»,-հավելեց Դանիելյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930