Եկեղեցու վերականգնման աշխատանքները չեն դադարել
«Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքները չեն ձախողվել, եւ այժմ էլ շարունակվում են»,-այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում հայտարարեց եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնող «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը` վկայակոչելով մամուլում հրապարակված տեղեկությունները, թե աշխատանքները ձախողվել են ճարտարապետին չվճարելու պատճառով. «Գրել էին, թե իբր մենք չենք վճարել ճարտարապետին, ով հրաժարվել է աշխատանքները շարունակել: Սակայն մեր պայմանագրի կետերը չի իրականացրել նախագիծը ներկայացրած ՍՊԸ-ն, որովհետեւ ճարտարապետը չի ցուցաբերել համապատասխան ներկայություն»:
Նա նշեց, որ աշխատանքները չեն իրականացվել հունվար-փետրվար-մարտ ամիսներին` եղանակային պայմաններից ելնելով, ինչի մասին նշվել է ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրում:
Վանուշ Շերմազանյանը հայտնեց, որ վաղը տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում բարձրացվելու է մշտական մասնագետ տրամադրելու հարցը. «Այդպես կապահովվի ճարտարապետի մշտական ներկայությունը, ինչի կարիքն ունի տաճարը: Անընդհատ նոր գործեր են բացվում»:
Կարդացեք նաև
Հիմնադրամի տնօրենը վստահեցրեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները շարունակվում են. «Հարաբերություններս ճարտարապետի եւ ՍՊԸ-ի հետ բարիդրացիական են, պարզապես ես չէի կարող մարդուն վճարել մի բանի համար, որը ինքը չի արել: Հասկանում եմ, որ ճարտարապետությունը ներշնչանքի խնդիր է, բայց ներշնչանքը տվյալ դեպքում շատ է ուշանում»:
Պարոն Շերմազանյանը մտահոգություն հայտնեց եկեղեցու տարածքում գտնվող ազնվական գերեզմանոցի գերեզմանաքարերի մի մասի ոչնչանալու եւ դպրոցի քանդվելու շուրջ` նշելով, որ նման խնդիրների մասին պետք է բարձրաձայնել` հիմնադրամի մասին ապատեղեկատվություն տարածելու փոխարեն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Էսօր եմ կարդացել, չգիտեմ էլ թե ինչ վիճակում են գործերը, բայց հաստատ գիտեմ, որ Ալյոշից բան չի դուրս գա: Ձվարանցոնցից ո՞վ է խեր տեսել, որ եկեղեցին ու գյուղը տեսնի: