«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ հրաժարվում եմ դատարանում ցուցմունք տալ, նախաքննական մարմնին` իմ տված նախաքննական ցուցմունքները համարում եմ բավարար»,-այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց զինվորական հոսպիտալի բժիշկ, ամբաստանյալ Մինաս Մկրտչյանը: Նա մեղադրվում է ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի նկատմամբ անտարբեր վերաբերմունք ցուցաբերելու եւ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:
«Տո թուրք, ինչի՞ պիտի զղջաս, որ, թուրքերն էլ չեն զղջում, որ ցեղասպանություն են արել: Էդքան խնդրեցի, թող էրեխուս տանեմ ուրիշ հիվանդանոց, ինչի՞ չթողեցիք, տվեցիք սպանեցիք»,-ի պատասխան բժշկին, ասաց մահացած զինվորի հայրը` Մովսես Խաչատրյանը, որը դատական նիստի ընթացքում չէր կարողանում հանգստանալ: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը ստիպված էր լինում նիստը ժամանակ առ ժամանակ ընդհատել` զինվորի հորը հանգստացնելու համար: Դատավորն ընթերցեց բժշկի նախաքննական ցուցմունքը, որտեղ մանրամասն նկարագրված էր զինվորի` հոսպիտալ ընդունվելուց մինչեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվելու, հոսպիտալի բժիշկների քայլերը: Արձագանքելով բժշկի ցուցմունքին՝ Մովսես Խաչատրյանը վրդովվեց. «Ցուցմունքն ամբողջովին սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը: Պատասխանատվությունից խուսափելու համար են այդպիսի ցուցմունք գրել»:
Մահացած զինվորի հորը հունից հանեց նաեւ այն, որ բժիշկը դատարանում փոխեց իր նախաքննական ցուցմունքն` ասելով, որ սխալմամբ է իրեն մեղավոր ճանաչել եւ հիմա իր մեղքի բաժինը չի գտնում զինվորի մահվան մեջ:
Մեղադրող դատախազը բժշկին հարցրեց, թե չի՞ ուզում գոնե այն պարզաբանել, թե ինչու է սկզբում իրեն մեղավոր ճանաչել, հետո` փոշմանել: Ի պատասխան բժիշկ Մինաս Մկրտչյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը դատարանին հայտնեց, որ նախաքննության ժամանակ Մինասը «հոգեճնշող վիճակում եւ հոգեկան անկման մեջ է եղել, այդ պատճառով էլ գրել է, որ զղջում է»:
Այս նիստին ցուցմունք տվեց նաեւ զինվորական հոսպիտալի պետը՝ Ժորա Միքայելյանը, որը նույնպես գտնում էր, որ իրենց գործողությունները միանգամայն ճիշտ են եղել: Ըստ նրա, երբ իմացել են, որ զինվորի մոտ ջրծաղիկ է, համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել եւ քանի որ Հայկի մոտ նաեւ որովայնում ուժեղ ցավեր են եղել, ուստի հոսպիտալում վիրաբույժի հսկողության տակ է գտնվել, քանի որ հնարավոր է եղել, որ զինվորի մոտ կույր աղիի վիրահատության անհրաժեշտություն առաջանար: Մի շարք հետազոտություններ` գաստրոսկոպիա, սոնոգրաֆիա, տոմոգրաֆիա, անելուց հետո, բժիշկները ոչինչ չեն հայտնաբերել: Սակայն, ինչպես դատարանում պարզ դարձավ ցուցմունքներից, զինվորի վիճակը կտրուկ վատացել է եւ մի քանի անգամ ցնցումների մեջ ընկնելուց հետո միայն հոսպիտալի ղեկավարությունը որոշել է նրան ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխել, որտեղ էլ զինվոր Հայկ Խաչատրյանը մահացել է:
Կարդացեք նաև
Այսօր դատարանում ընթերցվեց նաեւ մահվան պատճառը բացահայտող դատաբժշկական փորձագիտական եզրակացությունը, ըստ որի՝ Հայկը մահացել է օրգանիզմի ինտոկսիկացիայից` այսինքն` թունավորումից, ինչի արդյունքում ախտահարվել էին Հայկի բոլոր օրգանները:
Այն ընթացքում, երբ դատավորը կարդում էր մահվան պատճառը, զինվորի հայրը չկարողացավ ներկա գտնվել եւ լսել այն բոլոր մանրամասնությունները, թե ինչից եւ ինչպես է մահացել որդին: Նա սպասեց դրսում:
Ավելի ուշ, երբ դատախազը հարցեր էր ուղղում ամբաստանյալներին, զինվորի հոր ինքնազգացողությունը վատացավ եւ դատավորը ստիպված եղավ շտապօգնություն կանչել:
Դատական նիստը չշարունակվեց` Մովսես Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 11-ին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ