Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի երգերն այժմ էլեկտրոնային տարբերակ ունեն

Ապրիլ 15,2013 17:02

Kom_3 Kom_2 Kom_4Կոմիտասի կյանքի եւ գործի մասին պատմող DVD սկավառակները հասան նաեւ Վանաձոր:

 

Երեւանում, Գյումրիում, ԼՂՀ-ում եւ հայկական գաղթօջախներում ներկայացվելուց հետո, Կոմիտասի կյանքի եւ գործի մասին պատմող էլեկտրոնային հանրագիտարանը ներկայացվեց նաեւ վանաձորցիների դատին:

Լոռու մարզային գրադարանում կազմակերպված շնորհանդեսը նպատակ ուներ նորովի հայացք նետելու Կոմիտասի ողջ կյանքին ու նրա կատարած գործին:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն» ընկերության նախագահ Գարեգին Չուգասզյանը, ներկայացնելով  «Կոմիտաս. կյանքն ու գործը» մուլտիմեդիա հանրագիտարանն ու «Կոմիտաս. երգենք միասին» DVD սկավառակները, նկատեց, որ երկու տարվա աշխատանքը փոխել է իր ամբողջ պատկերացումը Կոմիտասի մասին:

«Բոլորս գիտենք, որ այժմ համակարգչի դարաշրջան է, եւ մեր մշակութային ժառանգությունը կարիք ունի նոր ներկայացման: Երկու տարի զբաղվել Կոմիտասով, շփվել Կոմիտասի կյանքի եւ գործի հետ, մի բացառիկ նվեր է կյանքի ընթացքում, երբ դու գործ ես անում, եւ բերկրանք ես ապրում ամենօրյա շփումիցդ: Այս գործը փոխեց իմ ամբողջ պատկերացումը Կոմիտասի մասին»,- ասում է նա:

Ներկայացնելով էլեկտրոնային հանրագիտարանը` Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց, որ հանրագիտարանի մուտքը սարքված է կենաց ծառի տեսքով, որը հայկական մշակույթի եւ քաղաքակրթության կենաց ծառն է:

«Հանրագիտարանը սովորական տեսք չունի, մուտքը ծառի ձեւով է սարքված, մեր մշակույթի, մեր հայկական քաղաքակրթության կենաց ծառն է` պայմանականորեն, եւ տեսնում ենք Կոմիտասի դիրքը` ստորոտին` հազարամյա արմատների վրա նստած, որոնք մեր խազերի ձեւով են տրված: Դա նշանակում է, որ մշակույթը ամուր է իր արմատներով, եւ ծառը ապրում է ոչ միայն դեպի վերեւ, այլեւ նրա արմատներն են աճում: Եթե ապրող արմատ է, նա անպայման աճում է, եւ ջրի, խնամքի կարիք ունի: Այստեղ դուք կտեսնեք այն խնամքը, որ Կոմիտասը ունեցել է այն ժառանգության, գանձարանի նկատմամբ, որը իրեն է տրվել»,-բացատրում է Գարեգին Չուգասզյանը:

Նա, սակայն, հավելում է, որ Կոմիտասի դերը միայն  խնամելը չէր, այլ նաեւ կենաց ծառի նորացումն էր, ինչը եւ իրականացրեց Կոմիտասը:

«Նրա դերը միայն այն չէր,  որ խնամեր այդ արմատները, նրա մեծագույն առաքելությունը ամբողջ կենաց ծառի նորացումն էր, այն թարմ սաղարթը, որ դրանից հետո սկսեց փթթել մեր մշակույթի ծառի վրա, Կոմիտասի շնորհքն էր»,-եզրափակում  է նա:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հայրենանվեր աշխատանք, նվիրված Հայ հանճարին, Մեծ արվեստագետի կողմից:
    Հազարապատիկ երախտագիտության խոսքեր Ձեզ,՝ Գարեգին Չուգասզյան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930