«Թուրքիայում ապրող հայերին թուրքական հասարակության մեծ մասը վերաբերում է բացասաբար, քանի որ թուրքական հասարակությունը տարիներով, տասնամյակներով, դպրոցներից եւ համալսարաններից, դասագրքերով դաստիարակում է հակահայկական տրամադրություն, մենք այսօր գործ ունենք այնպիսի հասարակության հետ, որը բնույթով հակահայկական է եւ այդ հասարակությունից ամեն պահի կարող ենք սպասել հակահայկական քայլեր եւ արարքներ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Խոսելով ապրիլի 24-ին ընդառաջ քայլերի վերաբերյալ, թուրքագետը այն բաժանեց 2 մասի՝ հասարակության եւ պետության միջեւ ընթացող զարգացումներ.
«Թուրքական պետությունը շարունակում է իր մշակված քաղաքականությունը, այսինքն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարը, որի մեջ նոր տարրեր չկան: Քաղաքական տրամաբանությունը գնալով ավելի շատ իր տեղը զիջում է ուղղակի հանցագործությունը պարտակելու միտումին, իսկ մյուս կողմից թուրքական հասարակությունում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ»:
Նրա պնդմամբ, այսօր Հայոց ցեղասպանության փաստը թուրքական հասարակության որոշակի շրջանակների համար դարձել է քննության տիպի մի բան, մասնավորապես քուրդ ընդդիմադիր պատգամավորները իրենց պարտքն են համարում արտահայտվել ցեղասպանության մասին.
Կարդացեք նաև
«Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ այն մարդիկ, ովքեր Թուրքիայում ուզում են ժողովրդավար, դեմոկրատ, ազատ մտքի կրողի կոչում ունենալ, ապա նրանք անպայման պետք է ցեղասպանության մասին իրենց կարծիքը հայտնեն, այսինքն ցեղասպանության փաստը իշխանությունների կամքից անկախ դարձել է Թուրքիայում քաղաքացիական հասարակության զարգացման գործոն, քանի որ ինչքան շատ է խոսվում ցեղասպանության մասին, այնքան ավելանում են կարծիքները, իսկ դա նպաստում է քաղաքացիական հասարակության կայացմանը»:
Պրն. Մելքոնյանի համոզմամբ, հայերի նկատմամբ տարվող հալածանքները եզակի չեն, դրանք շարունակական բնույթ են կրելու.
«Հայաստանյան հասարակությունը Թուրքիայի եւ թուրք հասարակության հետ շփվելու, ճանաչելու խնդիր ունի, ավելի շահավետ կլինի առաջնորդվել ոչ թե կարծրատիպերով, այլ իրականությամբ, իսկ դրա համար պետք է շփում, ճիշտ ուղղորդումներ»:
Թուրքագետը մոտակա տարիներին լուրջ զարգացում չի ենթադրում հայերի եւ թուրքերի միջեւ, եթե իհարկե տարածաշրջանում լուրջ փոփոխություն չգրանցվի: Հայ-թուրքական միջպետական հարաբերությունները բարելավվելու ու նոր որակական մակարդակ գնալու ակնկալիք չկա, քանի որ թուրքական կողմը շարունակում է իր նախապայմանների վրա հիմնված քաղաքականություն վարել:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ