ՀԱԿ համագումարում Լևոն Տեր -Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին հայտարարեց հետևյալը. «Որևէ բացասական, հեգնական բան Րաֆֆիի մասին ասել չեմ ուզում, չի կարելի, երբ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի այսպիսի դիտողություններ անել: Բայց երբ ասում են ինչո՞ւ չեք միանում, ասում եմ, որ մենք միակ քաղաքական ուժն ենք, որ հստակ արտահայտվել ենք, որ հաղթողը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Րաֆֆին: Սա քաղաքական առումով ամենամեծ աջակցությունն էր, որ կարող էր մի ընդդիմադիր կուսակցություն, որը ոչ այնքան նորմալ հարաբերություններ է ունեցել «Ժառանգության» հետ, ասել: Մեր ակտիվիստների մեծագույն մասը միշտ եղել է հրապարակում: Հրապարակի կեսը միշտ եղել են Կոնգրեսի ակտիվիստները: Հարցնում են, իսկ ղեկավարությունը ինչո՞ւ չեկավ: Այս առիթով մի շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել Սերժ Սարգսյանը. միանայինք ի՞նչ անեինք, միանայի, որ գնայի Վովայի հետ աղոթեի՞: Իմացեք, որ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել: Բայց հիմա էլ «Ժառանգությանը» պատրաստ ենք աջակցել: Մենք այն ժամանակ էլ հավակնություններ չունեինք, կարող էինք միասնական ցուցակով գնալ ընտրության»:
Aravot.m-ը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ զրույցում հետաքրքրվեց` արդյոք ընդդիմադիր դաշտի նշված երկու խաղացողների միջև այս հարաբերությունները ի վերջո կարո՞ղ են ընդդիմությանը հանգեցնել հաղթանակի:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այս հարցի կապակցությամբ ասաց հետևյալը. «Որքան, որ նրանք միմյանց հետ գործակցեն հանուն ընդհանուր նպատակների իրականացման, զորօրինակ, Երևանում ընտրությունների թափանցիկ ապահովումը, առանց խնդիրների, խախտումների, ընտրողների քվեն` որպես ընտրությունների կազմակերպում ապահովելու հարցում, դա ողջունելի է: Կցանկանայի, որ գործակցեին կոնկրետ խնդիրների շուրջ: Ես երբևէ ենթադրությունների ոլորտ չեմ մտնում `կաշկանդված լինելով աշխատանքային պարտականություններով և ուզում եմ ապավինել, որ ընտրությունների որակի իմաստով ամեն ինչ կլինի լավ»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ևս հարցը կապեց Երևանի ավագանու ընտրությունների հետ ու մանրամասնեց. «Մենք մեր մոտեցումներն այս առումով առիթ ունեցել ենք հայտնելու, և կարծում եմ՝ Երևանի ավագանու ընտրությունները լավ առիթ ու հնարավորություն են առկա քաղաքական մոնոպոլիան վերացնելու և ընդդիմության կոալիցիա ձևավորելու հարցում: Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկը 40+1 հնարավորություն չունենա հավաքելու, միասնական կոալիցիայի ձևավորման ճանապարհով, նաև ընդդիմադիր քաղաքապետ ունենալու հնարավորություն կլինի: Մենք գոնե դա իրատեսական ենք համարում և համապատասխան քայլեր մտադիր ենք ձեռնարկել այդ ուղղությամբ»:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ վստահ չէ, որ մեզանում ընդդիմադիր ուժերը միավորվելու ցանկություն ունեն: Այնուհետ հավելեց. «Կարծում եմ, որ ընդդիմության դաշտում որոշ մեսիջներ միմյանց փոխանցելը դեռևս համագործակցության կամ միասնականության տարրեր չի պարունակում, քանի որ բազմիցս եղել են նման մոդելներ, երբ ընդդիմությունը փորձել է տարբեր ձևերով կառուցել իր պայքարը, բայց միշտ ակնհայտ է եղել տրոհվածությունը, անհամաձայնությունն ու անվստահությունը միմյանց նկատմամբ: Հասարակությունը տվել է իր լավագույն գնահատականը, և պարզ դարձավ, որ Րաֆֆիի գործողությունները համարժեք չէին հասարակության այն պահանջներին, որոնք առկա էին ընդդիմադիր դաշտում, ընտրազանգվածի մոտ: Իսկ որքանով է Տեր-Պետրոսյանի դիտարկումը տեղավորվում ընդդիմադիր զանգվածների ակնկալիքների մեջ, անկեղծ ասած, դա տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ես վստահ չեմ, որ ընդդիմությունը միավովելու, կամ միասին հանդես գալու ցանկություն ունի: Մեր երկրում դեռ ընդդիմադիր ուժերի կայացման խնդիր եմ տեսնում: Կա ընդդիմադիր զանգված, բայց չկան ընդդիմադիր քաղուժեր, ովքեր կարող են ադեկվատ կերպով ներկայացնել այդ ընտրազանգվածի շահերը, հետաքրքրություններն ու պահանջմունքները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ