Երեկ գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Կապան քաղաքի ծայրամասային Բաղաբուրջ թաղամասում հրդեհ էր բռնկվել անհատական տներից մեկում:
Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունն ահազանգ ստացել է 1:43-ին, որից հետո դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.57-ին, մարվել` 05.17-ին:
Հրդեհի արդյունքում, ըստ տանտեր Լեռնիկ Բաղդասարյանի, իրենց պապական երկհարկանի տունը կրակի բաժին է դարձել, այրվել է տունը, վնասվել ամբողջ գույքը: Բնակչի պատմելով՝ հրդեհի պահին տանը մարդ չի եղել, ինքը Կապանում է ապրում՝ իր բնակարանում, հրդեհի մասին հեռախոսազանգով գիշերն են տեղեկացրել նրան: «1:30 զանգեցին, որ տունդ «պաժառ» է ընկել, բնակարանից հասա Բաղաբուրջ տեսա տունս ամբողջությամբ կրակի մեջ է: Ոչ միայն տունն է այրվել, այլ մեջն եղած տան ամբողջ գույքն էլ հետը: Հրշեջներին օգնեցինք եւ մինչեւ ժամը 5-ի կողմերը հանգցրեցինք կրակը: Տանը մարդ չկար էդ պահին, ես Կապանում եմ լինում հիմնականում, պապական տուն է դա, համարյա դաչա է ծառայում, աղջիկս ու փեսաս էին մշտական մնում, բայց երեկ գիշեր տանը չէին: Փորձում ենք նորից տունը վերականգնել, ինչ գնով էլ լինի պիտի վերականգնենք, հայրական տուն է: Պատճառները հայտնի չեն, կասկածներ չունեմ, ես գիշերը տանս մեջին, զանգում են ասում, որ տունն այրվում է, ոստիկանությունն է հետաքրքրվում, մի քանի օրից պարզ կլինի », – ասաց Լեռնիկ Բաղդասարյանը:
Թաղամասում թեեւ տարբեր վարկածներ էին շրջանառվում հրդեհի բռնկման կապակցությամբ, որից մեկն էլ վերաբերում էր հրդեհի միտումնավոր կազմակերպմանը, սակայն իրական պատճառը պատկան մարմինները պետք է պարզեն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ