Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը 2013 թ. ապրիլի 12-ին կազմակերպեց Թեղուտ և Շնող համայնքների դպրոցների բարձր դասարանների աշակերտների և մանկավարժական կազմի ներկայացուցիչների (ընդհանուր թվով՝ շուրջ 100 մարդ) ճանաչողական շրջայց և ծառատունկ Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի և հարակից տարածքներում:
Միջոցառումը մեկնարկեց համալիրի տարածքում ավանդական ծառատունկով: Այդուհետ, մասնակիցները եղան կառուցվող համալիրի բոլոր հիմնական օղակներում. այցելեցին պոչամբարի հիդրոտեխնիկական կառույցներ, հարստացուցիչ ֆաբրիկա, բացահանքի տարածք և լցակույտային տնտեսություն: Յուրաքանչյուր տեղամասում նրանց մանրամասն հանրամատչելի ներկայացվեց, թե որ փուլում են շինարարական աշխատանքները, տվյալ օբյեկտի նպատակային նշանակությունը և աշխատանքի առանձնահատկությունները: Ներգրավված շահառուներին բացատրվեց նաև, թե յուրաքանչյուր կոնկրետ օղակի աշխատանքի համատեքստում շրջակա միջավայրի վրա ինչ ազդեցություններ են հնարավոր և ինչ միջոցառումներ են նախատեսված տվյալ միավորի պատշաճ բնապահպանական անվտանգությունն ապահովելու համար:
Մասնակիցները նաև այցելեցին Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված օբյեկտներ: Այդ գործում ներգրավված մասնագիտացված կազմակերպության՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ղեկավար Սուրեն Հոբոսյանը շահառուներին ներկայացրեց հուշարձանների հետազոտության արդյունքում ստացված տեղեկատվությունը, պատասխանեց տրվող հարցերին:
Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման գործընթացում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նախատեսում է ազդակիր և հարակից համայնքների կրթական հասատատություններ հաճախողների և մանկավարժական կազմի ներգրավման ուղղությամբ միջոցառումների պարբերական իրականացում: Ի թիվս այլ նպատակների՝ դրանք կոչված են ինչպես շահառուների այդ խմբերին պատշաճ իրազեկելու շրջակա միջավայրի վրա Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման հնարավոր ազդեցությունների մասին, այնպես էլ՝ տարածաշրջանի խոշորագույն գործատուի աշխատանքի առանձնահատկությունները պարզաբանելով՝ սովորողների մասնագիտական արդյունավետ կողմնորոշմանը նպաստելու:
Կարդացեք նաև
Միջոցառումը խորհրդանշական շարունակություն ունեցավ ապրիլի 14-ին. «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ, Երևանի և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանների և Լոռու մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվեց ուսանողական ծառատունկ «Եռաբլուր» պանթեոնի տարածքում: Միջոցառմանը մասնակցեց շուրջ հարյուր երեսուն մարդ, այդ թվում՝ բարձր դասարանների աշակերտներ և ուսանողներ Արցախից, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերից, Ալավերդի, Վանաձոր քաղաքներից և այլ համայնքներից, «Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատողներ և այլ շահագրգիռ անձինք: Ծառատունկն իրականացվեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին իրականացված նմանատիպ նախաձեռնության շրջանակներում արված ծառատունկի տարածքի հարակից տարածքում, տնկվեց Կենսածառ տեսակի շուրջ 200 ծառ: Այդուհետ, ի նշան հարգանքի Եռաբլուր պանթեոնում հավերժացած նահատակների հիշատակին, մասնակիցները ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին:
Եռաբլուրից մասնակիցները մեկնեցին Ծիծեռնակաբերդ, եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղինկներ դրեցին հավերժական կրակի մոտ:
«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին