Aravot.am-ի տեղեկություններով, ՕԵԿ-ական ավագանու թեկնածու, Արաբկիր վարչական համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը երեկ Արաբկիր համայնքի բնակիչներին Գեղարդ հյուրասիրության էր տարել:
Մեզ հետ զրույցում պարոն Շահինյանը հաստատեց տեղեկությունը, որ երեկ արաբկիրցիների հետ Գեղարդում հանդիպել է, բայց հերքեց, որ ինքն է հրավիրել, ասաց` Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ- Բանավանի մոտ 100 բնակիչ իրենց ծախսերով գնացել են քաղաքից դուրս ու իրեն էլ հրավիրել էին:
«Որոշում ունեին, որ գնային Գեղարդ: 20-30 տարի գնալու հնարավորություն չեն ունեցել: Հետո ես էլ եմ միացել իրենց, մոմ ենք վառել, հաց ենք կերել ու վերադարձել ենք Երեւան»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Շահինյանը:
Նրա խոսքերով, Գեղարդ գնալու պայմանավորվածությունը վաղուց կար, սպասում էին օրերը տաքանալուն. «Իրենք իրենց ուժերով էին արել` տունը ձու էին խաշել, կանաչի, լավաշ, տենց բաներ»:
Կարդացեք նաև
Արաբկիրի նախկին ղեկավարից հետաքրքրվեցինք, ինչու էին բնակիչները նրան քաղաքից դուրս հանգստանալու հրավիրել, իրենց համայնքի նախկին ղեկավարին շատ սիրելո՞ւց էր. «Պաշտոններ են կգան-կգնան: Մենք արաբկիրցի ենք ու միշտ մնալու ենք արաբկիրցի, երեւանցի: Մեր մտերմության, մեկս մյուսին տեսնելու ցանկության, միասին ժամանակ անցկացնելու համար էր: Իրենք իրենց ուժերով են կազմակերպել»:
Մեր հարցին, հասցրի՞ք ՕԵԿ նախընտրական ծրագիրը կամ ավագանու թեկնածուներին ներկայացնել, ասաց. «Չէ, ի՞նչ ծրագիր, գնում ենք մոմ վառելու, ծրագիր պիտի ներկայացնե՞նք, ծրագիր ներկայացնելու տե՞ղ էր: Կարո՞ղ է գնում ենք Գեղարդ քարոզարշավ անելու: Մեզ նման բաները բնորոշ չեն»: