Այսօր, կեսօրից հետո, Էրեբունի եւ Արցախի փողոցների խաչմերուկի մոտ հավաքված տաքսիստների հետ հանդիպեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երեւանի ավագանու ընտրության ցուցակի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանը եւ Գուրգեն Արսենյանը: Դեղին համարանիշները սպիտակ համարանիշներով փոփոխելու կառավարության որոշմանը դեմ հանդես եկող տաքսու վարորդները, առիթը բաց չթողնելով, Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ կիսվեցին իրենց հուզող այլ խնդիրներով:
Վարորդներից մեկը բողոքեց փողոցներում տեղադրված տեսախցիկներից ու տուգանքի չափերից, իսկ մեկ այլ վարորդ նեղսրտեց, որ քաղաքի կենտրոնում տաքսիների համար նախատեսված ոչ մի կայանատեղի չկա:
ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանը վարորդներին վստահեցրեց, որ քաղաքային տրանսպորտի հարցը ընդգրկված է իրենց կուսակցության նախընտրական ծրագրի մեջ:
Նա վարորդներին ասաց, որ ԲՀԿ-ն Ազգային ժողովում դեմ կքվեարկի այն օրենքի փոփոխությանը, որից հետո միայն կառավարության կողմից ընդունված որոշումը կարող է ուժի մեջ մտնել:
Կարդացեք նաև
Աշոտ ԱԹԱՅԱՆ