Պոեզիայի միջազգային առաջին փառատոնը մեկնարկում է
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի գրողների միությունը` ապրիլի 15-21-ը Երևանում անցկացնում է Պոեզիայի միջազգային առաջին փառատոնը: Այս մասին այսօր Մշակույթի նախարարությունում լրագրողներին հայտնեց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ փառատոնին մասնակցում է 50 ներկայացուցիչ` աշխարհի 30 երկրից, եւ հիսուն մասնակից` Հայաստանից ու ԼՂՀ-ից:
«Փառատոնը «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի փակման կարեւոր միջոցառումն է, որի բացումը տեղի կունենա վաղը` «Կասկադ» համալիրում»,- ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում կազմակերպվեց, ընդհանուր առմամբ, միջազգային եւ հանրապետական նշանակության 700 միջոցառում. «Ուշադրություն դարձվեց թարգմանական գրականության հրատարակմանը, մեծ էր Երևանի` որպես մշակութային քաղաքի ներգրավվածությունը տարբեր գրահրատարակչական միջոցառումներին, կոնֆերանսներին, գրքի տոնավաճառներին»:
Ինչ վերաբերում է Պոեզիայի միջազգային փառատոնին, Արթուր Պողոսյանի խոսքով. «Այն իսկապես հանդիսավոր արարողություն է: Մտավախություն ունեինք մասնակցության առումով, բայց փառատոնը մեծ աշխարհագրություն ապահովեց` Գրողների միության ջանքերով»:
Կարդացեք նաև
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ասաց, որ փառատոնի կազմակերպումը տարիների երազանք է եղել. «Տարածաշրջանի բոլոր երկրները կազմակերպում էին, մենք էլ հյուրի կարգավիճակում էինք ներկա լինում»:
Անանյանը փաստեց, որ արտերկրից ժամանած հյուրերը մեծ սեր են տածում հայ ժողովրդի եւ մշակույթի հանդեպ, իսկ թուրք մասնակիցն, օրինակ, սիրով է ժամանել Երևան:
Լևոն Անանյանը հայտնեց, որ փառատոնին հավասարապես ներգրավված են հայ պոետները եւ սփյուռքահայ անվանի գրողները:
ԳՄ նախագահի հավաստմամբ. «Ծրագիրը հագեցած է: Մասնակիցները հանդիպումներ կունենան դպրոցականների եւ ուսանողների հետ` կարդալով իրենց ստեղծագործությունները: Կկազմակերպվեն նաեւ ընթերցումներ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ