Երեւանի ավագանու ՀՅԴ ցուցակի 5-րդ տեղը զբաղեցնող Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ հնարավոր է իշխանությունները պատին ամրացված տեսախցիկով հետեւում են իրենց՝ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտեության գրասենյակի ելումուտին:
Արթուր Եղիազարյանի գրառման համաձայն, «Չնայած այդ տեսախցիկները պատկանում են «Գրին» սուպերմարկետին, բայց հասկանում ենք, թե ում կարող է այն պետք գալ: Հատկապես, որ այս սարքերը հայտնվեցին այս օրերին …»:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում պարոն Եղիազարյանն ասաց, որ ինքը լուսանկարել եւ տեսանկարահանել է այդ սարքերը, որպեսզի հետո, եթե հանկարծ հանեն դրանք, ինքը ապացույցներ ունենա: Խոսքը «Գրին սուպերմարկետի» եւ «Էկոնոմ մարկետի» տեսախցիկների մասին է, որոնք, ըստ պարոն Եղիազարյանի, թեքված են իրենց գրասենյակի կողմը. «Քանի որ այդ երկու տեսախցիկներն էլ մասնավոր բիզնես տարածքների հետ են կապված, չնայած ես նկատեցի, որ օրինակ «Էկոնոմ մարկետի» տեսախցիկը հենց մեր մուտքին է նայում, բայց իրենց տարածքին էլ է նայում: Երբ որ ես պնդեմ, որ ինքը միանշանակ այլ նպատակի համար է ծառայում՝ ապացույց չունեմ: Կասեն՝ ես ինձ համար դրել եմ, հա, մի քիչ անհաջող եմ դրել, քո մուտքը երեւում է: Հիմա դրա համար ես ուզում եմ այսօր տնօրենների հետ խոսեմ, որ եթե հնարավոր է՝ տեսախցիկների դիրքը փոխեն, որ մեր մուտքը չերեւա: Եթե միայն իրենց համար է պետք, ուրեմն թող այնպիսի դիրքով դնեն, որ մեր մոտ եկող-գնացողը չերեւա»:
Արթուր Եղիազարյանը վստահեցրեց, որ իրենց մոտ գաղտնի հանդիպումներ, այցելություններ չեն լինում եւ վախենալու բան չունի. «Բայց հիմա, եթե նույնիսկ դեմիս հարեւանն էլ գիտես, որ գլազոկից նայում է, դիսկոմֆորտ է լինում: Վերջիվերջո ընտրապայքար է, եւ սա նաեւ կարող է հոգեբանական ազդեցություն թողնել: Կարող է մեկն ուզում է գալ մեր գրասենյակ, բայց եթե նկատում է, որ տեսախցիկներ կան նայող, կարող է իր աշխատանքից ելնելով՝ վախենա: Մեր մոտ թափով մարդիկ են եղել, եւ կողքից միանգամից ասել են, որ այդ մարդը ձեր մոտ էր: Հիմա կարող է մի տեղ մարդ կանգնացնեն, որ տեսնի, թե ով է գնում գալիս, բայց մենք տեսնում ենք, որ այդ տեսախցիկները կարող էին ծառայել նաեւ նմանատիպ բաներին: Թե չէ առանձնապես մենք չենք անահանգստանում: Ուղղակի անդուր է երեւույթը: Եսիմ ինչ մենք չենք անում այստեղ: Թող նայեն, բայց ամեն դեպքում սիրուն չի»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք՝ հաստա՞տ այդ տեսախցիկները նախկինում չեն եղել եւ նոր են ավելացել՝ Արթուր Եղիազարյանը պատասխանեց, որ ուշադիր չեն եղել. «Գրին մարկետի» կամերան մեծ է եւ շարժական, իրենք կարող են այն պտտել, իսկ մենք ամեն վայրկյան դուրս չենք գալու նայենք, թե ո՞ր կողմ են պտտել»:
Այսօր խանութների հետ տնօրենների հետ հանդիպում ունենալիս պարոն Եղիազարյանը պիտի խնդրի, որ իրեն ցույց տան, թե ինչ է ցույց տալիս նրանց տեսախցիկների էկրանը. «Հիմա ես մի փորձարկում արեցի. Փոքր կամերայով մեր մուտքի վրայից մոտեցրի «Էկոնոմ մարկետի» հետեւում տեղադրված կամերայի վրա: Ծառերի արանքում կամերան հստակ երեւաց, իսկ եթե ես տեսնում եմ այդ կամերան, նշանակում է՝ այդ կամերան էլ հստակ ինձ է տեսնում»:
Արթուր Եղիազարյանը խոստացավ տնօրենների հետ զրույցից հետո պատմել, թե ինչպես են արդարացել իրենք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ