«Երեւանցին քնից պետք է զարթնի: Տեսնում եք երեւանցին համարյա հարգանք չունի: Տեսնում ենք, որ ամեն ժամանակ ինչ-որ մեկը գալիս է երեւանցուն թելադրում է, բայց կարծում եմ՝ երեւանցիների ղեկավարը պետք է լինեն երեւանցիները»,- Արաբկիր համայնքում ՕԵԿ-ականների հետ հանդիպման ժամանակ օրեր առաջ ասել էր արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:
Aravot.am-ը պարոն Երիցյանից հետաքրքրվեց, իսկ ղարաբաղցին կարո՞ղ է հայաստանցու ղեկավար լինել. «Մեզ մոտ այլեւս միայն գյումրեցի, ղարաբաղցի, երեւանցի է: Վերցնենք Արաբկիրը, ասում են արաբկիրցի: Հետո Արաբկիրը բաժանվում է էս ինչ թաղեցի, հետո էս ինչ շենքից, էս ինչ պադեզդից: Դա մեր արյան մեջ է , սովորել ենք, որ էս պոդեզդից ենք, էս պոդեզդը էն մուտքի հետ չի առնչվում: Հնուց եկել է, կամաց-կամաց կվերանա: Երեւանցի ասելով` նկատի եմ ունեցել Երեւանը սիրող, Երեւանի դարդով ապրող մարդը պետք է լինի»:
Պարոն Երիցյանից նաեւ հետաքրքրվեցինք` ո՞ւմ նկատի ուներ, երբ ասում էր. «Տեսնում ենք, որ ամեն ժամանակ ինչ-որ մեկը գալիս է երեւանցուն թելադրում»: Ի պատասխան, պարոն Երիցյանն ասաց. «Ոչ մեկի նկատի չունեմ: Նկատի ունեմ, որ Երեւանը պետք է ղեկավարեն երեւանցիները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ