Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում, ուր քննվում էր ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործը, զինվորի հոր՝ Մովսես Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացավ: Դատավորը ստիպված եղավ նիստը ընդմիջել եւ շտապօգնություն կանչել մահացած զինվորի հոր համար: Մովսես Խաչատրյանի սիրտը վատացավ այն պահին, երբ մեղադրող դատախազ Մելիք Սարգսյանը հոսպիտալի պետ Ժորա Միքայելյանին միջադեպի հետ կապված հարցեր էր տալիս:
Նշենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011թ. դեկտեմբերի 30-ին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Զինվորի մոտ ախտորոշվել էր ջրծաղիկ, որն ընթացել էր ծանր հետեւանքներով՝ ախտահարելով ողջ օրգանիզմը, սակայն զինվորին մինչ ինֆեկցիոն տեղափոխելը, նրա ինքնազգացողությունը վատացել էր եւ արդեն ինֆեկցիոն հիվանդանոցում չէին հասցրել զինվորի կյանքը փրկել: Դատարան եկած շտապօգնությունը բուժօգնություն ցուցաբերեց մահացած զինվորի հորը:
Սա երկրորդ շտապօգնությունն էր, որը 20 րոպեի ընթացքում ժամանեց Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարան: Առաջին շտապօգնությունը կալանավորի համար էր: Նրա մոտ էլ բարձր ճնշման խնդիր էր:
Կարդացեք նաև
Ի դեպ, նիստը վարող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը շտապօգնության մեքենայի մեկնելուց հետո զանգահարել էր 1-03 ծառայություն եւ իր դժգոհությունը հայտնել բժիշկներից: Արդեն երբ նիստը շարունակվեց, դատավորը մահացած զինվորի հորը հարցուփորձ անելով, թե ինչպես է իրեն զգում, հայտարարեց, որ բժիշկները հիվանդի վիճակի մասին որեւէ փաստաթուղթ դատարանին չներկայացրին, մինչդեռ տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը դատական նիստից հետո դեռ պետք է երկար ճանապարհ՝ Արթիկ գնար, ուստի դատարանը նրա վիճակի մասին պիտի անձամբ բժիշկներից տեղեկատվություն ստանար, ինչը չեղավ:
Բժիշկները զինվորի հոր ճնշումը չափելուց եւ նրան հանգստացնող դեղ տալուց հետո գնացին՝ առանց դատարանին որեւէ բան ասելու:
Դատական նիստից մանրամասները՝ առաջիկայում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ