Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած շտապ օգնության բժիշկները թույլատրեցին «Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանին մասնակցել դատական նիստին՝ նրա առողջական վիճակը գնահատելով բավարար:
Դատավոր Մխիթար Պապոյանը ստիպված էր մինչ այդ ընդհատել վկա Աշոտ Մուրադյանի հարցաքննությունը, քանի որ ամբաստանյալը հանկարծակի ցնցումների մեջ ընկավ եւ վատացավ:
Աշոտ Մուրադյանը ասաց, որ ամբաստանյալներից որեւէ մեկին չի ճանաչում: Նա լինելով անհատ ձեռներեց, զբաղվել է եւ զբաղվում է հեռախոսների վաճառքով մինչ օրս: Նա «Սամսունգ» տեսակի 5-8 հեռախոսներ է վաճառել հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանին:
Կարդացեք նաև
Վկան հայտնեց նաեւ, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկել են իրենց տունը, ինքն այդ ժամանակ տանը չի եղել:
Իր առնչությունն այս գործին կապված է եղել հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանին ճանաչելու հետ:
Հաջորդ վկան ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի փեսան էր՝Արամ Իոսիֆյանը:
Վկան նույնպես ամբաստանյալներին չէր ճանաչում: Նա ասաց, որ 2011թ. մայիսի դեպքի օրը իրեն Ն.Ազիզյանի տնից զանգ է եկել, կանչ: Գնացել է աներոջ տուն, տեսել է նկարների շրջանակները գետնին ընկած, «խրձով սկոչ»:
Զանգել է ոստիկանության բաժին, հայտնել կատարվածի մասին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 22-ին:
Եթե դատակոչված վկաները չգտնվեն, դատարանը բերման որոշում կկայացնի նրանց նկատմամբ:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալներ Քյարամ Ամոյանը, Արտուշ Հակոբյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը մեղադրվում են կազմակերպված խմբով ավազակային հարձակումներ կատարելու, «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ պատասխանատու Էդուարդ Բեզոյանի, նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, նախկին համայնքապետ Աղվան Գրիգորյանի եւ մեծահարուստ այլ պաշտոնյաների առանձնատներից, չհրկիզվող պահարաններից գումարներ, զարդեղեն գողանալու համար:
Դատավոր Մխիթար Պապոյանը թույլատրեց դատական նիստերի դահլիճոմ Քյարամ Ամոյանին մեկ վայրկյանով տեսակցել մոր հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ