«Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի գնահատմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները վարկաբեկվել են:
«Շատ քաղաքական ուժեր փորձում են հումորային վերաբերմունք, տրամադրություններ ստեղծել նրա նկատմամբ: Կարծում եմ` այդքան էլ նպատակահարմար չէ այսօր, եւ հույս ունենք, որ երկուսի մոտեցումներն էլ փոփոխություն կկրեն»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց պարոն Սադոյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները քննադատող քաղաքական ուժերը ամբիցիաները մի կողմ դրած ազգային գաղափարների շուրջ համախմբվեն, պարոն Սադոյանն ասաց. «Ազգային նպատակների շուրջ համախմբվելու համար պետք է այդ նպատակները ձեւակերպված լինեն: Եթե այդ նպատակները հստակ ձեւակերպված չեն, ավելին` ոչ թե համազգային, այլ նպատակների մի կողմը շեշտը դնում է պահպանողական, մյուսը` ազատական մոտեցումների վրա: Երկու տեսակետից էլ դրանք կարող են լինել ազգային, բայց բոլոր դեպքերում դա համախմբման ռեալ հնարավորություն չի տա»:
Մեր հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբված շարժման, պայքարի ի՞նչ ավարտ է տեսնում , պարոն Սադոյանն ասաց. «Տեսնում եմ այնպես, ինչպես եղավ 1993-ին, 1998-ին, ինչու չէ` նաեւ 1996-ին: Րաֆֆի Հովհաննիսյանը որդեգրել է բարեւի քաղաքականություն, նա կոնֆլիկտային ճանապարհը հազիվ թե որդեգրի մինչեւ վերջ, տվյալ դեպքում սպասումը, որ կամավոր կզիջեն իշխանությունը, շատ քիչ ռեալ է: Այսպես կշարունակվի, կամաց-կամաց կմարի»:
Կարդացեք նաև
Պարոն Սադոյանը այս փուլում իշխանափոխության հնարավորություն չի տեսնում. «Ընտրությունները եղան, պրծան: Կարելի է ասել` չէ, չես ընտրվել, հրաժարական տուր…բոլոր դեպքերում դա ռեալ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ