«Խաչաղբյուր-2»-ը կկառուցվի
Ապրիլի 14-ին Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ համայնքում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը կառուցող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն տնկել է 550 ծառ: Գետահովտի գյուղապետ Արթուր Ղազարյանն ասաց, որ այդ ծառերը տնկվել են ՀԷԿ-ի շինարարության գոտում: Նրա խոսքերով՝ այդ ընկերությունը նախկինում Գետահովտում տնկել է 400 ծառ: Տնկվել են հացենի, ընկուզենի, լորենի: «Մեգաէներջի» ընկերությունը Գետահովիտ համայնքին նվիրել է «ԴՏ-75» մակնիշի նոր տրակտոր, առաջիկայում գյուղի գիշերային լուսավորության ցանց է կառուցելու: Գյուղապետի վկայությամբ՝ մարտի 26-ին ստացվել է «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի բնագիտական փորձաքննության վերջնական եզրակացությունը, այլեւս փոքր ՀԷԿ-ի կառուցման գործում խոչընդոտներ չկան:
Արթուր Ղազարյանին հարցրինք, թե ՓՀԷԿ-ի շինարարությունը եւ շահագործումը չի՞ վնասելու այնտեղ գտնվող արջատխլենու պուրակին: Նա ասաց, որ արջատխլենու պուրակի հետ կապված ինքը մանրամասն տեղեկատվության չի տիրապետում, սակայն կարծում է, որ չի վնասի: Ա. Ղազարյանից տեղեկացանք նաեւ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին պատկանող «Խաչաղբյուր-1» ՀԷԿ-ը շահագործվելով 4 տարի՝ համայնքին տարեկան մուծում է 175 հազար դրամ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ