«Ինձ համար ցանկացած զինվորի կյանք թանկ է: Ամենաշատը ես եմ հանդիպում զոհված զինծառայողների ծնողների հետ, ինչ ասում են, գլուխս քաշ գցած լսում եմ: Բայց ես համոզված եմ, որ մենք կամաց-կամաց հասնելու ենք դեպքերի մինիմումի»,- այսօր «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանում կայացած լսումների ժամանակ ընդգծեց նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
Նա ասաց, որ արգելել է բանակի վերաբերյալ երկու արտահայտությունների արտաբերումը՝ «Բանակը հասարակության հայելին է» և «Բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»:
Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր արտակարգ պատահարի, հանցագործության վերաբերյալ քննություն է իրականացվում, քրեական գործի հարուցման շրջանակներում այդ գործընթացը շարունակվում է, իսկ իր կողմից կազմված հրամանով պատժվում են բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել հանցագործության հետևում կամ կարող էին կանխարգելել այն, բայց որևէ միջոց չեն ձեռնարկել:
Ըստ Սեյրան Օհանյանի, բանակում դեպքերի առավելագույն ցուցանիշն արձանագրվել է 2011-ին, 2012-ին այդ ցուցանիշը պահպանվել է, նույնիսկ մի քանի դեպքով նվազել է, իսկ 2013-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, դեպքերի նվազում է գրանցվել: Սեյրան Օհանյանը հայտնեց, որ բանակում արձանագրվող դեպքերը հիմնականում երկու բնույթի են՝ անվտանգության կանոնների խախտման, միջանձնային հարաբերությունների պատճառով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ