Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր -Պետրոսյանի ասածը դասագրքային ճշմարտությո՞ւն էր, թե՞ մոլորություն և նենգափոխում

Ապրիլ 15,2013 13:52

«Ես չեմ վախենում այս բառից, թեև շատերը կոմպլեքսավորված են: Մեր խնդիրն է իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն, ես սրա մասին խոսել եմ դեռ 2008-ին` նախընտրական շրջանում: Շատերն ինձ փորձեցին կշտամբել` մոռանալով, որ ամբողջ աշխարհի ներկայիս քաղաքակրթությունը ստեղծվել է բուրժուադեմոկրատական հեղափոխության շնորհիվ»,-ՀԱԿ համագումարում հնչած ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանն այսպիսի դիտարկում  արեց` անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են իրենք տեսնում երկրում համակարգային փոփոխությունների իրականացման ուղին:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Aravot.am-ի հարցին` արդյոք հավանակա՞ն է մեզանում բուրժուադեմոկրատական հեղափոխության իրականացումը, այսպես պատասխանեց. «Այստեղ սահմանումների լուրջ պրոբլեմ եմ տեսնում: Բուրժուադեմոկրատական հեղափոխությունը 19-20-րդ դարի գաղափարներից մեկն էր, որը գործածելի, կիրառելի չէ ՀՀ-ի պարագայում: Հարցն ուրիշ բանի մասին է: Արևելյան Եվրոպայի  որևէ երկրում լսե՞լ եք, որ բուրժուադեմոկրատական հեղափոխություն անեն կամ խոսեն դրա մասին»:

Պարոն Մեհրաբյանը կոնկրետ գնահատական չտվեց Լ. Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, պարզապես նշեց.  «Դժվարանում եմ ասել, ուղղակի մոլորության, թե միտումնավոր նենգափոխման արդյունք է: Բայց կարծում եմ, որ դա կապ չունի մեր իրականության, հայաստանյան հասարակության և ՀՀ օրակարգի հետ: Դասական կապիտալիզմը, որը եղել է Եվրոպայում 17-18-րդ դարում, մենք չունենք այդ անցյալը: Ուստի դնել ու փորձել խցկել մեզ ինչ-որ ստանդարտի մեջ, չարժե: Այստեղ ոչ թե այդ, այլ Արևելյան Եվրոպայի ստանդարտն է աշխատում: Իսկ օրինակ այն, ինչ տեղի ունեցավ Լեհաստանում, արդյոք բուրժուադեմոկրատական հեղափոխությո՞ւն էր: Լավ, էլի»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկած սցենարը համարում է դասագրքային ճշմարտություն և հավելում. «Տեսակետը` բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին, համընդհանուր ճշմարտություն է, որով ամբողջ աշխարհն է գնացել: Աշխարհում եղել է երկու տիպի հեղափոխություն` բուրժուադեմոկրատական և սոցիալիստական: Բոլոր այն երկրները, որոնք բուրժուադեմոկրատական հեղափոխության ճանապարհով են գնացել, այսօր զարգացած երկրներ են: Սոցիալիստական հեղափոխության ճանապարհով են գնացել ՌԴ-ն, Չինաստանը, Արևմտյան Եվրոպայի երկրները: Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ երկրները չգնացին առաջընթացի ճանապարհով: Այսինքն` այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի, համաշխարհային փորձը դա է ցույց տալիս: Ուստի քննարկել մի բան, որ դասագրքային ճշմարտություն է, կոռեկտ չէ: Հայ ժողովուրդը, չնայած եվրոպական ժողովուրդ չէ, բայց աֆրիկյան ժողովուրդներից բարձր է մակարդակով, հույս ունեմ, որ մի քիչ ուշ, բայց կգնա այդ ճանապարհով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930