Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» Քյարամ Ամոյանի համար շտապօգնություն է կանչվել

Ապրիլ 15,2013 13:40

Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով  դատական նիստը: Դատավորը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության  առաջին վարչությունից ստացվել է գրություն, համաձայն որի՝ Արմեն Սուքիասյանը, Հայկ Հակոբյանը մեկնել են Հայաստանի Հանրապետությունից՝ «Զվարթնոց» օդանավակայանով: Այս անձինք վկաներ են:  Իսկ մեկ այլ վկայի հետ կապված՝ Արամ Իոսիֆյան, հայտնվեց, որ նա գտնվում է Հայաստանում, ունի երկու անձնագիր, որով գրանցվել է ելք եւ մուտքը: Դատարանը հրապարակեց այս գործով ընթերակա, տաքսու վարորդ Արմեն Սուքիասյանի եւ «ՍԱՍ» սուպերմարկետի մենեջեր-առաքիչ Հայկ Հակոբյանի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Ընթերակա Ա. Սուքիասյանը հայտնել էր, որ իրեն հրավիրել են ոստիկանություն քաղաքացիական հագուստով անձինք, որոնք, հետագայում պարզվել է, որ ոստիկաններ են: Նա տեսել է, թե ինչպես Արման Դալլաքյանի գրպանից հանել են ծալովի դանակ, թափանցիկ փաթեթ, 1,4 գրամ մուգ շագանակագույն թմրանյութ, բջջային հեռախոս եւ թղթադրամ: Այդ կապակցությամբ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպանը՝ փաստաբան Հովիկ Արսենյանը, դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Դալլաքյանը բերման է ենթարկվել Վարդենիսից, իր մոտ ունենալով դանակ, թմրանյութ՝ նրան չեն խուզարկել, հասցնելով ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Մյուս վկան՝ Հայկ Հակոբյանը, նախաքննության ժամանակ հայտնել էր, որ ճանաչել է միայն Գուրգեն Հայրապետյանին (ի դեպ, խմբին վնասազերծման ժամանակ նա մահացել է), որին հանդիպել էր եղբորորդու թաղման ժամանակ, ապա մի անգամ էլ, երբ ցանկացել է վարձակալել բնակարան: Այսօր դատարան էր ներկայացել Աշոտ Մուրադյանը, որը անհատ ձեռներեց է, զբաղվել է հեռախոսների վաճառքով: Այս գործով նա ներգրավվել է միայն նրա համար, որ հեռախոսներ է վաճառել հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանին: Սակայն նրա ցուցմունքը այս պահին ընդհատվել է, քանի որ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը վատացել է, նա ցնցումների մեջ է: Հրավիրվել է շտապօգնություն, այդ պատճառով  դատական նիստը ընդհատվել է անորոշ ժամանակով:

Հիշեցնենք, որ այս խումբը մեղադրվում է «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ-ի պատասխանատու Էդուարդ Բեզոյանի, ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, նախկին համայնքապետ  Աղվան Գրիգորյանի եւ շատ ու շատ մեծահարուստների առանձնատներից առանձնապես խոշոր չափի գողություններ կատարելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930