Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «0.1 տոկոսն էր հույս կապում, որ ապրիլի 9-ին ինչ-որ բան կփոխվեր»

Ապրիլ 15,2013 13:02

Այսօր «Վարկած» ակումբում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց, որ ժողովրդից է կախված, թե Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարն ինչքան կշարունակվի. «Րաֆֆի Հովհաննիսյանին թողնենք մի կողմ: Հիմնական գործոնը ժողովուրդն է: Աստծո կամոք, ժողովրդի բաժանումը նպաստեց, որ մենք չունեցանք արյուն՝ բախման հետեւանքով»:

 

Քննադատություններին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդած շարժումը մարում է՝ Պետրոս Մակեյանը համաձայն չէ, ըստ նրա, ժողովրդի էներգետիկան դեռ կա:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանրահավաքին հնչեցրած քննադատություններին՝ շարժման կողքին կանգնած մարդկանց, որոնք փորձեցին ապրիլի 9-ին լիդերությունը իրենց վրա վերցնել: Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Կար պրոբլեմ: Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Ծիծեռնակաբերդ, ժողովրդի մի հատված մնաց Բաղրամյանում՝ ոստիկանական պատնեշի առաջ: Ես որեւէ նախաձեռնություն հանդես չբերեցի, քանի որ լիդերը Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Այնտեղ կային սադրիչներ, իրավիճակը պարտադրել է քայլեր անել: Որոշ մարդիկ կարող է ազնվորեն են դա արել: Դրան լուրջ նշանակություն չպետք է տալ: Անձամբ ես ինֆորմացիա ունեի, որ բանակցություն է գնում Վովա Գասպարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ: Հետո ժողովուրդը մասնատվեց, մի մասը գնաց»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ապրիի 9-ին տարբեր մարդիկ տարբեր ակնկալիքներով էին եկել, ոմանք մտածում էին այդ օրը Բաղրամյան 26-ը գրավելու մասին, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի օրակարգում միայն երդումն էր, որին միացան հավաքի մասնակիցները: Դուք դա՞ էիք սպասում այդ օրից, թե՞ Դուք էլ այլ ակնկալիքներ ունեիք՝ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Այո, կար հրապարակում մարդկանց մի շատ փոքր շերտ, որը հույս էր կապում ապրիլի 9-ին ինչ-որ բան փոխել, վարչախմբից ազատվել: Դա շատ չնչին տոկոսն էր՝ 0. 1 տոկոսը, որոնք քաղաքականությունից շատ հեռու են, որոնք իշխանությունից շատ զզված են, չեն ընկալում քաղաքական գործընթացները: Բայց հրապարակում եղած ժողովրդի մեծ մասը հասկանում էր, որ ապրիլի 9-ին շատ մեծ բան չէին կարող փոխել: Ես ապրիլի 9-ին մտածում էի դնել հիմնաքար, որն ապահովվեց: Հետագա քայլերը կախված են Րաֆֆի Հովհաննիսյանից: Իշխանությունն ամեն ինչ անում է իր գոյությունը պահպանելու: Կարեւորը իշխանության որակներն են եւ ժողովրդի պատրաստակամությունը՝ պայքարելու: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողանա ներկայացնել կարճատեւ եւ երկարատեւ գործողությունների ծրագիր: Եթե դա եղավ, ՀՀ-ում լինելու են արտահերթ ընտրություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930