Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է

Ապրիլ 15,2013 12:50

Ընթացիկ տարվա ապրիլի 14-ի տվյալներով՝ 625 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, 57 զոհ, որից 2-ը՝ անչափահաս եւ 897 վիրավոր: Այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն այս տարի աճել է 110-ով, զոհերի թիվը մնացել է անփոփոխ, իսկ վիրավորներինը աճել է 155-ով: Ճանապարհատրանսպորտային պատահարների այս տարվա աճը պարոն Սարգսյանը պայմանավորեց տրանսպորտային միջոցների աճով Հայաստանում: Նրա խոսքերով՝ 62 հազար տրանսպորտային միջոց է շահագործման մեջ մտել Հայաստանում: Իսկ թե ինչքան է շահագործումից դուրս եկել, նա կոնկետ թիվ չնշեց:

Պարոն Սարգսյանի խոսքերով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում ամենաշատ զոհերը գրանցվել են 2008-ին՝ 407 զոհ: Նրա խոսքերով՝ նման թիվ չի գրանցվել ոչ խորհրդային տարիներին, ոչ էլ անկախության տարիներին:

Պարոն Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ Երեւանում 65 արագաչափ սարքեր են գործում, իսկ խաչմերուկներում նկարահանող 50 տեսախցիկ է տեղադրված: Նրա խոսքերով՝ մինչեւ տարեվերջ Հայաստանում կտեղադրվի եւս 50 արագաչափ, իսկ եւս 30 խաչմերուկ կկահավորվի նկարահանող տեսախցիկներով: Պարոն Սարգսյանը մտավախություն չունի, որ նկարահանող տեսախցիկների աճը կնվազեցնի ոստիկանի աշխատանքը: Նա պնդեց, որ տեսախցիկները երթեւեկությունը չեն կարգավորում, այդ աշխատանքը կատարում է ոստիկանը եւ ոստիկանն իր գործառույթը երբեք չի կորցնի:

Անդրադառնալով վարորդների դժգոհություններին, թե ճանապարհային շատ նշաններ թաքնված են թփերի եւ գովազդային վահանակների հետեւում, պարոն Սարգսյանն ասաց, որ ուսումնասիրում են բոլոր խնդիրները եւ վերացնում: Նա ասաց, որ չի բացառվում, որ այս պահին թաքնված 1-2 նշան լինի քաղաքում, բայց մոտ ժամանակներս այդ խնդիրը կշտկվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930