Մաթեմատիկոսներ Խաչիկ Հակոբյանն ու Արա Դիլանյանը կալանավորվել են մի գործով, որով նախաքննական մարմինը ապացույցներ ձեռք չի բերել, «ապացույցները» հերքվում են պաշտպանական կողմի մասնավոր հարցման ենթարկված ու դատակոչված վկաների, անգամ տուժողի իրավահաջորդի դատաքննական ցուցմունքներով: Այսպիսի տեսակետ ունի պաշտպանական կողմը:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ամբաստանյալներ Խաչիկ Հակոբյանի ու Արա Դիլանյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, տուժողի իրավահաջորդ Գուրգեն Հայրապետյանը դատարանից խնդրում էր, որ գործով տուժող Սպարտակ Հայրապետյանին ու գործով վկա Սուրեն Հայրապետյանին՝ իր եղբոր որդիներին, «ծերանոցում պահեն, որ ժողովուրդը փրկվի»: Տուժողի իրավահաջորդն իր ցուցմունքում նշել է, որ ընդհանրապես տեղեկություն չունի ամբաստանյալների կողմից իր եղբոր տնից գումար գողանալու դեպքի մասին և հորդորեց չհավատալ դրան:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված ու հարցաքննված վկաներ, տուժողի հարևաններ Սամվել Օհանյանը և Ամալյա Ամորյանը նույնպես հայտարարեցին, որ ոչ մի ձայն չեն լսել: Սամվել Օհանյանը նաև նշեց, որ շատ էր լինում, որ հայրը որդուն՝ Սպարտակին, ծեծում էր, «անասնական ձայներ էին հանում, որ հնարավոր չէր չլսել»:
Սպարտակ ու Սուրեն եղբայրները 2 տարի բնակվում են անմարդկային պայմաններում՝ հոսանքազրկված տանը, որտեղ չկա սանհանգույց: Չեն վճարում կոմունալ ծախսերի դիմաց, որովհետև փող չունեն: Միաժամանակ Սպարտակ Հայրապետյանը նշում է, որ 1999թ.-ից զբաղվում է դրամահավաքությամբ, 14 տարում հավաքել է 493 հազար դրամ, նշում է նաև, որ գումարն ավելի շատ է եղել՝ 700 հազար դրամ: Այդ գումարից իրենից գումար են գողացել Անդրանիկը՝ 185 հազար, 139 հազար դրամ՝ Արթուրը, այդ գումարից գողություն է կատարել իր հայրը Գեորգի Հայրապետյանը: Ներկայումս հանգուցյալ հայրն, ըստ նրա, անընդհատ իրեն ծեծել ու տարբեր չափի գումարներ է գողացել՝ 27 հազար, 23 հազար, եղբայրը՝ Սուրեն Հայրապետյանը նույնպես իրեն ծեծում ու գումարներ է տանում: Ըստ պաշտպանական կողմի՝ օլիգոֆրենիա հիվանդությամբ տառապող, Գորիս քաղաքում դրամահավաքությամբ զբաղվող տուժող Սպարտակ Հայրապետյանը սևեռված է փողի թեմայի վրա՝ ինքը փող է հավաքում և իրենից այն պարբերաբար տարբեր մարդիկ՝ ներառյալ հայրն ու եղբայրը, գողանում են:
Կարդացեք նաև
Դեռևս նախաքննության փուլում նշանակված դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությամբ պարզվել էր, որ գործով վկա Սուրեն Հայրապետյանը տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ, ունակ չէ ընկալելու ու վերարտադրելու ցուցմունքները, այդուհանդերձ, պաշտպանական կողմի միջնորդությունից հետո է նա հանվել է դատակոչի ցուցակից:
Իսկ Սպարտակ Հայրապետյանի մասով փորձաքննությունը գտել էր, որ նա տառապում է օլիգրոֆենիա հիվանդությամբ, ունի մտավոր հետամնացություն, սակայն ունակ է ցուցմունքներ տալու: Ըստ Ի.Պետրոսյանի՝ դատաքննության ժամանակ պարզվեց, որ նա էլ ունակ չէ ցուցմունքներ տալու՝ տվել է մեկը մյուսին հակասող, հարափոփոխ ու անհեթեթ ցուցմունքներ: Ուստի պաշտպանական կողմը հավանաբար կմիջնորդի նրա նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության:
Նորանշանակ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քննվող գործով ամբաստանյալներ Խաչիկ Հակոբյանին և Արա Դիլանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նրանք «նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք գործելով Գորիս քաղաքի Յոլյան 7 հասցեում գտնվող առանձնատուն, տանտիրոջ և նրա որդու նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, Գեորգի Հայրապետյանի ու նրա որդու գրպանից համապատասխանաբար 45.700 և 181.000 ՀՀ դրամ գումար են բացահայտ հափշտակել»:
Ի դեպ, գործն ավելի վաղ գտնվում էր նախագահող դատավոր Լեռնիկ Աթանյանի վարույթում, սակայն պաշտպանական կողմն իմացել էր, որ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը դատավորի փեսան է՝ դստեր ամուսինը և դատավորին ներկայացրել ինքնաբացարկի միջնորդություն: Վերջինս էլ զեկուցագրով գործը փոխանցել էր դատավոր Դ.Գրիգորյանին: Այս դատավորի կողմից, ըստ պաշտպանական կողմի, խախտումներ են թույլ տրվել՝ դատարանը մերժել է մոր հուղարկավորությանը մասնակցելու համար Խաչիկ Հակոբյանին կարճաժամկետ մեկնում թույլատրելու պաշտպանական կողմի միջնորդությունը, թեև «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածը դա միանշանակ թույլատրում է:
Բացի այդ, ըստ պաշտպանի, իր պաշտպանյալները մեկ օր գտնվել են անօրինական կալանքի մեջ՝ մարտի 26-ին լրանում էր նրանց կալանքի մեջ պահելու 20-օրյա ժամկետը, սակայն դատարանը միայն մարտի 27-ին կայացրած դատաքննություն նշանակելու մասին որոշման մեջ՝ անդրադառնալով կալանքի հարցին, գտել է, որ այն պետք է թողնել անփոփոխ: