Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը «Ուրբաթ» ակումբում վստահեցրեց, որ ՌԴ-ում ներկայումս «ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում»:
Ըստ պարոն Մանուչարյանի, այսօր մեր երկրում կա 3 խոշոր ուժ՝ ՀԱԿ, Րաֆֆի Հովհաննիսյան, եւ «Սարդարապատ»: Ժողովուրդը գնում է այս երեք ուժերի հետեւից, եւ նրանց միասնական գործունեությունը խիստ կարեւոր է:
Հարցին՝ ինչո՞ւ ՀՅԴ-ին չնշեցիք, արդյոք ոչ ոք ՀՅԴ-ի հետեւից չի՞ գնում՝ նա ասաց. «Ես նշեցի այն 3 ուժերին, որոնց հետեւից ժողովուրդը մեծ կամ փոքր հատվածով գնում է»:
Պարոն Մանուչարյանը նաեւ հիշեցրեց՝ «Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է, ով մոռացել է՝ հիշեցնում եմ: Րաֆֆի Հովհաննիսյանը, բացի կոնկրետ մարդ իր դրական եւ բացասական կողմերով լինելուց, նաեւ սիմվոլիկ դերակատար է Սփյուռքի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ապրիլի 9-ին՝ պարոն Մանուչարյանն ասաց. «Եթե Րաֆֆի Հովհաննիսանն ավարտեր կոչով՝ ՀՀ քաղաքացիների շտաբեր ստեղծեր, այդպիսի համակարգեր պետք է ստեղծվեին եւ դա կնպաստեր, որ մեր ժողովուրդը նորից հավաքվեր: Ես կողմ էի, որ ավելի արդյունավետ բան առաջարկվեր, այդ առոմւով հարցը մնաց բաց: Մնացածը՝ ոստիկաները… ոստիկանության մասով ավելի մեղմ վերաբերմունք կար, բայց 25 տարուց ավելի է՝ ոստիկանությունը դառնում է գործիք: Այս իրավիճակում ոմն Տիգրան Առաքելյանին պահել բանտում, ինչ է թե ապստամբ է՝ դա անհեթեթ է»:
Մենք խնդրեցինք պարոն Մանուչարյանին հստակ պատասխան տալ՝ այնուամենայնիվ ո՞ւմ հետ է ինքը՝ հաշվի առնելով Լեւոն Զուրաբյանի հավաստիացումները, որ Աշոտ Մանուչարյանը ձեւեր է թափում, բայց նա էլ իրենց հետ է: Պարոն Մանուչարյանը պատասխանեց. «Բոլոր այն ուժերը երկու որակ ունեն՝ մեկը ժողովրդին է սպասարկում, մյուսը՝ խարդավանքների մեջ է: Այնքանով, ինչքանով նրանք տանում են ժողովրդին՝ ես պաշտպանում եմ»: Բայց դա չի խանգարում պարոն Մանուչարյանին քննադատել նաեւ այդ ուժերին: Մեր հարցին՝ այսինք դուք հակասություն չե՞ք տեսնում այդ ուժերի միջեւ եւ հավասարաչափ երկուսի հետ էլ եք համագործակցում եք՝ պարոն Մանուչարյանը պատասխանեց, որ ով սպասարկում է Հայաստանի ապագան՝ ինքը բնականաբար պետք է աջակցի:
Խոսելով ՀՀՇ-ի փաստացի լուծարման մասին՝ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ վատ է վերաբերվում դրան. «ՀՀՇ-ն արել է լավ ու վատ գործեր, հիմնականում՝ հիմարություններ: Կուսակցության մեղքերը թողնել շարժման վրա՝ շատ կոպիտ սխալ էր: Եթե լիներ կուսակցության անվանումը շատ ուրիշ, հազարավոր կուսակցությունների անվանումներ կար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ