Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան ձգտում է, որ բոլոր այն պետությունները որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, վերանայեն իրենց որոշումը». Գեւորգ Դանիելյան

Ապրիլ 15,2013 11:41

Այսօր «Տեսակետ» ակումբում Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը խոսեց «Երիտթուրքերի` 1919-21 թթ. դատավարությունները` որպես Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական սկզբնաղբյուր» թեմայով:

Դանիելյանի խոսքով` իրավագետները գտնում են, որ եղած փաստերը պետք է բերել իրավական հարթության վրա, եւ ցեղասպանության ճանաչման հարցում մեծ դեր ունեն օրենսդրական մարմինները. «Ես հեռու եմ այն մտքից, որ Ֆրանսիայի խորհուրդը միանշանակ որոշում կայացրեց: Ֆրանսիայի խորհրդարանը գտավ, որ տեղի է ունեցել հայոց ցեղասպանությունը եւ այն ժխտելու համար սահմանեց քրեական պատասխանատվություն: Միեւնույն ժամանակ, եթե չկա դատական ակտ, ապա օրենսդիր մարմինը իրավասու չէ այս կամ այն արարքը որակել իբրեւ հանցագործություն»:

Դանիելյանը գտնում է` մենք ինքներս չենք կարողացել բավարար չափով քննարկման առարկա դարձնել այն, որ դատական ակտեր ցեղասպանության հետ կապված եւս կան: Բացի այդ`գենոցիդը դատապարտելու կոնվենցիան չի նախատեսում վաղեմության ժամկետներ:

«Թուրքական իշխանությունները ձգտում են, որ բոլոր այն պետությունները որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, վերանայեն իրենց որոշումը: Դատական ակտերը փաստում են այն բովանդակությունը, որ հայ ազգի բնաջնջումը տեղի է ունեցել կազմակերպված, կենտրոնից թելադրված, եւ սա մեր կարծիքը չէ, պատմագիտության աղբյուրի տեսակետ չէ, այլ կայացվել է Թուրքիայի դատարանների կողմից եւ, որ այն կատարվել է էթնիկական հողի վրա»,-նշեց Դանիելյանը՝ հավելելով, թե ինչ վերաբերում է տեղահանումների հետ կապված հարցին, թուրքական իշխանությունները պնդում են, որ դա իրականացվել է հայ ազգի անվտանգության նկատառումներով, ինչը եւս չի համապատասխանում իրականությանը. բռնի տեղահանումները արվել են ազգի բնաջնջման նպատակով:

Դանիելյանը գտնում է. «Այսօր փորձել հանել նոր փաստեր` կապված դատական ակտերի հետ, առավել եւս դրանք հիմնավորել` վտանգավոր է: Դատական ակտերը, երբ ներկայացվում են հանրությանը, պետք է հստակեցնել, թե խոսքն ինչի մասին է:

Թուրքիայի դիրքորոշումը դատական ակտերի հետ կապված հետեւյալն է` թուրքական իշխանությունները գտնում են, որ այդ ակտերի ընդունումը տեղի է ունեցել միջազգային հանրության ճնշումների ներքո: Բայց միջազգային ճնշումների մասին հայտարարությունները խիստ վիճելի են»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930