Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Հերացի թունելն ընկած ճանապարհահատվածում՝ Պետական համալսարանի և «Ժողինստիտուտի» հարևանությամբ՝ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Յակովլևը, վարելով Toyota մակնիշի 34 ՍD 304 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Երևան քաղաքի Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչ 33-ամյա Մանուկ Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 34 ՏՕ 247 համարանիշի ավտոմեքենային:
Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենաների վարորդներն ու BMW-ի ուղևորներ՝ 27-ամյա Խաչիկ Միքայելյանը, 53-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանը և 28-ամյա Մերի Հովհաննիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վարորդներին և ուղևորներին ավտոմեքենաներից դուրս են բերել և օգնություն ցուցաբերել քաղաքացիներն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները, իսկ BMW-ի միջից վարորդին և ուղևորներին դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:
Կարդացեք նաև
Վթարի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Երևանի շտապօգնության կայանի պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի (կարմիրբերետներ) աշխատակիցները, ովքեր ՃՈ աշխատակիցների հետ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել էին, որպեսզի հրշեջներն ու շտապօգնության բրիգադները կարողանային ազատ աշխատել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ի վարորդը ծառայում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում՝ որպես ավիացիոն կոմպլեքսի ինժեներ, կոչումով ավագ-լեյտենանտ է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի