Հյուսիսային պողոտայում պղպջակների ֆլեշ-մոբ անցկացնելն արդեն լավ ու բարի ավանդույթ է դարձել: Մեծից փոքր, երիտասարդից պատանի գալիս են այդտեղ ու իրենց հետ էլ բերում են պղպջակներ: Վերջինը պարտադիր պայման է: Ամենամյա այս միջոցառումը կազմակերպում է «Ֆլեշմոբ Հայաստանը»: Ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ նկատելի էր մասնակիցների թվի ավելացումը: Տասնյակ մարդիկ այսօր հավաքվել էին Հյուսիսային պողոտայում եւ մի քանի ժամով վերադարձել մանկություն: Երեխաներին ոչնչով չզիջող երիտասարդներն ու մեծահասակներն օդ էին փչում պղպջակները, իսկ դրա պայթելուն պես ուրախանում:
«Անցյալ տարվա համեմատ այսօր մարդկանց մեջ հետաքրքրություն եմ նկատում այս միջոցառման նկատմամբ: Ողջունելի է, քանի որ սա առօրյա հոգսերից կտրվելու, երեխաների օրը հետաքրքիր դարձնելու, եւ ինչու ոչ` լավ ժամանցի միջոց է»,- ասում է 23-ամյա Արմիեն: Պղպջակներով ֆլեշմոբին նա եկել էր իր որդու հետ: Ինչպես Արմինեն է ասում` տղան առավոտից անհամբեր սպասում էր, թե երբ է վերջապես գալու սպասված ժամը:
20-ամյա Հրայրն էլ կարծում է, որ նման միջոցառումներն ավելի լավ են ընկերներով «իրար գլուխ հավաքվելու» համար, քան այդ նույնը անել որեւէ ակումբում:
Արամ Արարատյան