Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան` ապրիլի 18-ին ընդառաջ, այսօր` 2013թ. ապրիլի 14-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում մաքրման և բարեկարգման օժանդակ աշխատանքներ են իրականացրել ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի հատուկ նշանակության բրիգադի զինծառայողները` փոխգնդապետ Կարեն Բեջանյանի ղեկավարությամբ:
Հայաստանի տարբեր մարզերից հայկական բանակ զորակոչված զինվորները առաջին անգամ էին լինում մայրաքաղաքի բնօրրանում` Էրեբունի հնավայրում և թանգարանում: Թանգարանի էքսկուրսավար Սյուզաննա Սարգսյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են թանգարանի մշտական ցուցադրությանը և մասնավորապես հետաքրքրվել ուրարտացիների զենքերի և Ուրարտուի մարտարվեստի մասին պատմող ցուցանմուշներով:
Կարևորելով երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում պատմամշակութային ժառանգության դերը` ՀՀ պաշտպանության նախարարությունը արդեն տարիներ շարունակ միանում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի կոչին և մասնակցում Երևանի 3 նշանավոր հնավայրերում կազմակերպվող մաքրման աշխատանքներին:
Առաջիկա օրերին զինծառայողների խմբեր կընդունեն նաև «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» հնավայրերը:
Կարդացեք նաև
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա համատեքստում այս օրերին նմանօրինակ գործողություններ են իրականացվում տարբեր երկրներում` ցուցադրելով ժառանգության պահպանության պատասխանատվությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար:
«Էրեբունի» արգելոց-թանգարան