«Ե՞րբ ենք մենք ամուսնանալու», «Որ ամուսնանանք, սա այսպես կանենք, սա այնպես…», «Ուզում եմ երեք երեխա ունենալ» և այլն. այս խոսքերը, որ հաճախ են մարդիկ բարձրաձայնում, իրականում ապագա ընտանիքի մոդել կազմելու պատկերացումներ են: Այս կարծիքին է հոգեբան Աննա Վարդանյանը: Նրա խոսքով ՝ յուրաքանչյուր ամուսնական զույգ պիտի գիտակցի, թե ինչպես է ապահովելու ընտանիքի ներդաշնակությունը. «Հաճախ մարդկանց թվում է, որ միասին ապրելու դեպքում կլուծվեն մինչ այդ ունեցած իրենց խնդիրները, մինչդեռ պետք է ավելի լրջորեն մոտենալ ամուսնությանը, պետք է ամուսիններն անընդհատ թարմացումներ անեն, որպեսզի չխորտակեն միմյանց երջանկությունը»,-ասում է նա: Հավելում է ՝ երբեմն սոցիալական խնդիրների պատճառով ռոմատիկան հանգչում է, զույգերն ավելի բծախնդիր ու պահանջկոտ են դառնում մեկը մյուսի նկատմամբ, սկսում են բարձր տոնով միմյանց հետ խոսել, նվաստացնել, ինչը երբեմն ուղեկցվում է բռնությամբ:
24-ամյա Արմինեն պատմում է՝ ծանոթ է նման խնդիրներին. «Եկավ մի ժամանակ, որ ուզում էի թողնել ամեն ինչ ու փախչել ուր պատահի, միայն փախչել ամուսնուցս, բայց որոշեցի, որ ինքս ինձ ժամանակ եմ տալիս, կխոսեմ իր հետ, կհամոզեմ, որ չի կարելի կնոջ հետ վատ վարվել՝ կռվել, նույնիսկ հայհոյել ու ապտակել կենցաղային խնդիրների պատճառով: Եթե ինձ մոտ չստացվեր, ես անպայման կգնայի,-ասում է նա և հավելում,- փառք Աստծո, ես ճիշտ կողմնորոշվեցի, հակառակ դեպքում իմ ընտանիքը կքանդվեր. ամուսինս ինձ կորցնելու վախից սկսեց ավելի շատ հարգել ինձ»: Հոգեբան Աննա Վարդանյանի խոսքով ՝ դա ծանր փուլ էր նրանց համար, որը բնորոշ է շատ ու շատ ամուսնական զույգերի. «Այդ ընթացքում ամենակարևոր գործոնները պետք է հաշվի առնվեն՝ այն, որ պետք է ավելի համբերատար, զիջող գտնվեն, լինեն բարի, չցուցաբերեն դոմինանտություն, եթե նույնիսկ զույգերից մեկի կարգավիճակն ավելի բարվոք է ՝ ծնողներից օժանդակություն կամ թեկուզ ավելի բարձր աշխատավարձ ստանալու հարցում»: Հոգեբանը ասում է նաև՝ ընտանիքում պետք լինի կարգուկանոն և մաքրություն, սակայն դա չպետք է հանգեցնի ծայրահեղության, հակառակ դեպքում կխաթարավի մարդկանց հանգիստն ու նյարդային համակարգը:
Ընտանիքի ներդաշնակության համար շատ կարևոր է երեխաների գործոնը: Հաճախ ենք լսում, թե ընտանիքը մասնատվել է երկար տարիներ երեխաներ չունենալու հետևանքով: Իհարկե, երեխա ունենալ չկարողանալու գործոնը հիմնականում պայմանավորված է առողջական խնդիրներով, սակայն այն, որ նրանք լույս ու ջերմություն են հաղորդում ընտանիքին, փաստ է: Ամուսնական զույգերը հաճախ երեխաներից սովորում են սիրել. «Նրանք են, որ դրդում են մեզ լինել ավելի բարի, համբերատար, անմեղ: Երեխաները ոչ միայն սերն են տալիս ծնողներին, այլև նրանցից պահանջում են սիրել ոչ միայն իրենց, այլև միմյանց: Նրանց առկայության դեպքում ծնողները հասկանում են, թե ինչ է նշանակում, երբ ինչ-որ մեկը կախված է քեզանից, որ դու ինչ-որ մեկին կյանք ես տալիս ու խնամում ես,-ասում է Աննա Վարդանյանն ու հավելում,- ծնողներն ու երեխաները պետք է միշտ ընկերներ լինեն: Վարդանյանի խոսքով՝ ընտանիքը պետք է հավատարիմ մնա պսակադրության օրը եկեղեցում Աստծո տված խոստումին. «Ամուսինն ու կինը պետք է միշտ լրացնեն միմյանց՝ օգնելով, խրախուսելով, նաև կիսելով իրենց դժվարությունները: Կինը չպետք է գայթակղի ուրիշ տղամարդկանց, նրանց կամ այլոց պատմի իր ընտանեկան խնդիրները , դա կարելի է ասել դավաճանություն է, իսկ տղամարդը պիտի հասկանա, որ ինքը չպիտի սահմանափակի կնոջ՝ խոսքի ազատության և այլ իրավունքները»,-ասում է նա:
Նազենի Բաղդասարյան