«Նկատի ունենալով, որ գարուն է եւ ժամանակն է ծառերը տնկելու, բարենպաստ եղանակը թույլ է տալիս, որպեսզի ժողովուրդը հավաքվի եւ մի նոր լավ գործ անի իր քաղաքի համար: Մեր աշխատակազմով հավաքվել ենք, ու մասնակցում ենք այս լավ առիթին` ծառատունկին»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի վարչության պետ Արսեն Ամյանը:
Երեւանի քաղաքապետարանի մասնակցությամբ, քաղաքապետի նախաձեռնությամբ այսօր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում եւ Երեւանի քաղաքի վարչական սահմանների տարածքում կազմակերպվել էր ծառատունկ: Ծառատունկին մասնակցում էին բնակչությունը, պետական եւ ոչ պետական ձեռնարկությունները, քաղաքապետարանի աշխատակազմը եւ վարչական շրջանների աշխատակիցները:
Պրն. Ամյանի խոսքով վերջին մի քանի տարիների ընթացքում քաղաքային իշխանության կողմից մեծ ուշադրություն է դարձվում կանաչապատման եւ բարեկարգման խնդիրներին: Հասարակությունն ու բնակչությունը ակտիվ կերպով պետք է մասնակցի նմանատիպ միջոցառումներին, որովհետեւ քաղաքի բարեկարգումը կախված է ոչ միայն քաղաքապետարանից կամ այլ մարմիններից, այլեւ հասարակ քաղաքացուց:
Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Հասմիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարդիկ մեծ պատասխանատվությամբ, համախմբված դուրս են եկել ծառատունկի.
Կարդացեք նաև
«Մենք շենացնում ու կանաչապատում ենք մեր Երեւանը, որպեսզի բնակիչներն ավելի մաքուր օդ շնչեն ու վայելեն բնությունը: Գարնանը մենք ամեն շաբաթ կազմակերպում ենք ծառատունկեր եւ շաբաթօրյակներ: Բնակիչների, թաղային լիազորների եւ համատիրությունների մասնակցությամբ այսօր տնկելու ենք 4000 ծառ եւ թուփ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ