Դոնեցկի «Շախտյորի» երկրպագու, ուկրաինացի թխամորթ փոփ աստղ Գայտանան, որ խոստացել է Հենրիխ Մխիթարյանի՝ 25 գոլ խփելու դեպքում ակումբի օրհներգը երգել հայերեն, արդեն կարող է առանց ժամանակ կորցնելու սովորել տեքստի հայերեն տարբերակը, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը նրա «խնդրանքը» կարող է իրագործել Ուկրաինայի առաջնության մնացած տուրերից յուրաքանչյուրում: Մխիթարյանը երեկ «Զարյայի» հետ խաղում խփեց իր 22-րդ գոլը՝ հավասարվելով երկրի ֆուտբոլի պատմության մեջ ռմբարկուների մրցավազքի ռեկորդակիրներ Սերգեյ Ռեբրովին ու Մաքսիմ Շացկիխին եւ կասկած չկա, որ կգերազանցի նրանց: Լավ կլիներ, եթե Գայտանան իր խոստումը կատարեր հենց այն օրը եւ այն ստադիոնում, որտեղ Մխիթարյանը կձեւակերպի նոր ռեկորդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ