Հայ նշանավոր աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայկական աստղագիտական ընկերության կողմից ստեղծվել է նրան նվիրված համացանցային կայք-էջ (https://markarian.aras.am/), որտեղ առավել լիարժեք տեղեկություններ են տրված Մարգարյանի կյանքի և գործունեության, հետազոտությունների բնագավառների, աշխատությունների, նրան նվիրված գրականության և այլնի մասին: Ինչպես հայտնի է, Մարգարյանի հոբելյանի կապակցությամբ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Միջազգային աստղագիտական միության պաշտոնական գիտաժողով: Բենիամին Մարգարյանը (1913-1985) հայ խոշորագույն աստղագետներից է, 20-րդ դարի ամենանշանավոր դիտող աստղագետներից մեկը, Բյուրականի հանրահայտ շրջահայությունների հեղինակը և նրա անունը կրող գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկաների հայտնաբերողը:
ՀԱԸ կայք-էջում հավաքված են և ապագայում ավելացվելու են Մարգարյանին առնչվող զանազան տեղեկություններ և նյութեր, տրված են արտաքին հղումներ Մարգարյանի վերաբերյալ համացանցում առկա այլ կայք-էջերին: Մասնավորապես տրված են Մարգարյանի կենսագրությունը և կենսագրական ժամանակագրական ցանկը, հիշողություններ նրա մասին մի շարք աստղագետների կողմից, Մարգարյանի գիտական նվաճումները տարբեր բնագավառներում, այդ թվում Բյուրականյան առաջին և երկրորդ սպեկտրային շրջահայությունները, նրա գիտական արդյունքները փոփոխական աստղերի, աստղակույտերի և աստղասփյուռների, աստղաբաշխության, արտագալակտիկական աստղագիտության բնագավառներում, տեղեկություններ Մարգարյանի գալակտիկաների մասին, Մարգարյանի հրապարակումների լիակատար ցանկը և դրա վիճակագրությունը և լուսանկարների հավաքածու:
Հայկական աստղագիտական ընկերություն