Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. Րաֆֆի Հովհաննիսյանի հստակ քայլերի բացակայությունը մարում է շարժումը

Ապրիլ 13,2013 19:02

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնարավոր է համարում Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմության միավորումը եւ կոալիցիա կազմելով քաղաքապետարանի «գրավումը»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ՀԱԿ հիմնադիր համագումարում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ընտրությունները շատ լավ առիթ են ցույց տալու, որ ընդդիմությունը պատրաստ է կարեւոր խնդիրների շուրջ միավորվել, դա հնարավորություն կտա ընդդիմությանը իշխանություն հաստատել Երեւան քաղաքում. «Այս պահը չի կարելի կորցնել: Եթե նախընտրական դաշինքը չստացվեց, կարելի է մտածել եւ իրականացնել հետընտրական դաշինքը, որը կարող է նույն խնդիրը լուծել ավագանու ներսում»:

Անդրադառնալով ժողովրդական  շարժմանը, պարոն Ռուստամյանն ասաց. «Շարժումը  որպես այդպիսին չկարողացավ կազմավորվել, ձեւավորվել: Այդ անկազմակերպության արդյունքները մենք տեսանք ամսի 9-ին, ամբողջ խնդիրն այն էր, որ պետք էր իսկապես խուսափել երկու ճանապարհից: Մեկը հուսալքության տանող ճանապարհն է, երբ ամեն ինչ եւ հիմա տրամաբանության վրա ես կառուցում, բայց կարող է դրան չհասնես եւ հուսալքություն առաջանա, եւ մյուսը` իսկապես ձգտել դա անել եւ բախումների հանգեցնել, որը կտա այն անցանկալի արդյունքը, որ մենք տեսել ենք: Դժբախտաբար ամսի 9-ին դրան մոտ էր, արյուն թափվեց, բայց ուրախ եմ, որ զոհեր չունեցանք, նշանակում է, որ այդ ընթացքը, որը ժամանակին չի ծրագրավորվում, ամբողջովին չի վերլուծվում հերթականությունը, չի կազմակերպում շարժումը, միշտ կարող է ստացվել այնպես, որ վերջում հավաքված ժողովուրդը վերածվում է անկազմակերպ ամբոխի եւ այլեւս ինքն է թելադրում ընթացքը, այ սա ամենանցանկանալին է, որը մոտ էր ամսի 9-ին մեծ բախումների առաջացնելուն»:

Պարոն Ռուստամյանի խոսքերով,  ճանապարհը հստակ է.«Պետք է գնալ հանգրվանային ճանապարհով, փոքր արդյունքներ արձանագրելու ճանապարհով, որը բացարձակապես չի նսեմացնում շարժման նշանակությունը»:

Նա չի կարծում, որ ամսի 9-ին ամեն ինչ ավարտվեց, բայց վերաիմաստավորելու խնդիր կա. «Սա նույնպես դաս է, որ ցույց է տալիս, որ չի կարելի հանպատրաստից քայլեր նախաձեռնել հստակ սցենարը չունենալով եւ այդ ժամանակ ժողովրդի մեջ առաջանում է անորոշություն, շփոթ վիճակ, եւ ղեկավարության պարտավորությունն է ամեն ինչ անել, որպեսզի նման վիճակներ չառաջանան: Կարելի է դաս քաղել այս ամեն ինչից, խնդիրը պահպանել, նպատակը պահպանել եւ հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը, բայց դրան գնալ հանգրվանային ճանապարհով»:

Մեր հարցին,  ապրիլի 12-ի հանրահավաքում որոշակիացվեցին պայքարի հետագա քայլերը, պարոն Ռուստամյանն ասաց. «Նորից անհանգստությունը կար, սա պետք է վերջ դրվի, որովհետեւ ժողովուրդը չի կարող անընդհատ անհասկանալի վիճակներում լինել եւ իր համար տրամաբանված ընթացք չտեսնել:
Սա մաշում է շարժումը եւ կարծում եմ` գլխավոր խնդիրը, որ այսօր պետք է լուծվի, հստակ նպատակային դարձնել եւ քայլերի հաջորդականությունը ճշտելն է»:

Մեր հարցին, ի՞նչ տեղեկություններ ունեն Ր. Հովհաննիսյանի մոսկովյան այցից, պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Մոսկովյան այցից ոչ ոք մի բան չիմացավ, երեկ ինչ-որ խոսք պետք է ասվեր, բայց չասվեց, ինչ էր պատճառը, ինչ տվեց, հարցականները մնացին: Այս հավաքը ինչ-որ մասով պայմանավորվել էր իր այցով, բայց այդպես էլ անորոշ մնաց»:

Լրագրողներից մեկի հարցին՝ հիասթափվա՞ծ եք, ասաց.
«Մենք հիասթափվելու իրավունք չունենք, Դաշնակցությունը պետք է մարդկանց հույս տա այն դեպքերում, երբ մարդկանց թվում է, թե ճանապարհ չկա եւ մեծ պարտավարություն է դա: Պարզապես դասեր քաղելու, հստակ նպատակային ծրագրեր դնելու եւ քայլ առ քայլ այդ ծրագրերը հասնելուն է վերաբերում»:

Նա նաեւ անհասկանալի համարեց, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնեց  գլխավորել ավագանու ընդդիմության միասնական ցուցակը. «Երեք կետերը, որոնք դրվել էին, շատ մոտ էինք դրան հասնելուն: Բայց շարժումը չգիտես ինչի համարեց, որ դրա հետ կապ չունի, հարցը մտավ փակուղի…  Եթե նույն Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորեր ցուցակը, բոլորս այդ ցուցակի մեջ լինեինք եւ գնայինք հասնեինք հաղթանակի: Երեւանում ընդդիմադիր քաղաքապետ ունենալը ոչ միայն շարժման, այլեւ երկրի, ժողովրդի համար է կարեւոր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գաբուճյան says:

    Ձեր չհասկացած հարցերով ուզում եք մարդկանց բա՞ն հասկացնել…

  2. Միասնական says:

    Ճիշտ է ասում Ռոստոմյանը:

    Հիմա պետք չէ դատարկ տեղը ջուր ծեծել և տեղին, անտեղի միայն գովաբանել Ռաֆֆիին:

    Պետք է գործողությունների հստակ ծրագիր:

    Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝

    ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ,
    համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:

    Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը:
    Ռաֆֆին միայնակ ոչինչ չի կարող անել: Ուշքի եկ Ժառանգություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930